ՏՐՎԵՑ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

23.12.2015

Դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վառելով հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը` այսպիսով տրվեց ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:

Մարդաշատ հրապարակում գունազարդ, շքեղ տոնածառի շուրջ հավաքվել էին ոչ միայն <<Ձմեռային հեքիաթի>> հայտնի հերոսները, այլև երեխաները, որոնց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Այնուհետև ամանորյա ուրախ հանդեսը /ներկայացում/ ուղեկցվեց Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան կոլեկտիվի պատրաստած տոնական համերգով, որին իրենց մասնակցությունը բերեցին լավագույն մենակատարները:

Նշենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի մայրաքաղաքում տոնական աշխույժ մթնոլորտ ստեղծվի ու մարդիկ կարողանան արժանապատվորեն ու անկաշկանդ վայելել Ամանորը: Հատկանշական է, որ քաղաքի հրապարակներում, փողոցներում, զբոսայգիներում և պուրակներում պատշաճ լուսավորություն է ապահովվել, լուսային շղթաներով և գեղարվեստական այլ հնարքներով ձևավորվել է Արցախի մայրաքաղաքը, առանձին վայրերում ևս տեղադրվել են գունեղ տոնածառեր: Կազմակերպիչները խոստանում են, որ Նոր տարվան նվիրված միջոցառումներն ավելի հագեցած կլինեն և հյուրերին ևս հաճելի անակնկալներ են սպասվում:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն