ԱՎԱՐՏԻՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

16.12.2015

Արցախի մայրաքաղաքը դեռ դեկտեմբերի սկզբներից է նախապատրաստվում Ամանորին:

Վերածննդի հրապարակում, քաղաքի պուրակներում և փողոցներում, պետական հաստատություններում, հասարակական վայրերում արդեն ավարտին են մոտենում տոնական ձևավորման ու զարդարման, լուսային գունեղ շղարշների և խորհրդանշական հնչեղ գուներանգներով պաստառների տեղադրման աշխատանքները, որոնք համակարգվում են քաղաքապետարանի տոնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովի կողմից: Այդ գործընթացին ակտիվորեն ներգրավվել են քաղաքապետարանի համապատասխան բաժինների, <<Բնակշահագործման տնտեսություն>> ՓԲԸ, <<Արցախէներգո>> ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ըստ հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի, Վերածննդի հրապարակում տեղադրվող երկրի գլխավոր տոնածառից բացի քաղաքի տարբեր վայրերում, թաղամասերում ևս տեղ կգտնեն Ամանորի տոնածառեր: Ընդորում, դրանց մեծ մասը պուրակներում վաղուց հաստատված կենդանի եղևնիներ են, որոնք զարդարվելով լուսային էֆեկտներով, կշարժեն ոչ միայն փոքրիկների, այլև մեծերի հետաքրքրությունը:

Հատկանշական է նաև, որ նախադպրոցական երեխաների համար կկազմակերպվեն Ամանորի տոնական միջոցառումներ և քաղաքապետարանի կողմից նրանց նվերներ կբաժանվեն:

Հավելենք, որ դեկտեմբերի 22-ին տեղի կունենա հանրապետության գլխավոր տոնածառի պաշտոնական լուսավորման արարողությունը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն