Ասում են` աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, իսկ մարդը ներքին բավականություն է ստանում, երբ իր վաստակը գնահատվում է ըստ արաժանվույն: Քաղաքապետարանը` որդեգրած ավանդույթի համաձայն շնորհակալագրի ու նվերի արժանացրեց Վազգեն Սարգսյան փողոցի համար 1, 3, 5 շենքերի տնային կոմիտեի նախագահ Միքայել Բաղդասարյանին, ով առողջական պատճառներից ելնելով ստիպված թողնում է հասարակական աշխատանքը: Ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ Միքայել Բաղդասարյանի տանն օրեր առաջ հյուրընկալվել էին փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանը, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ՓԲԸ տնօրեն Արմեն Ավագյանը:
Քաղաքային իշխանությունների և անձամբ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունից փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը խորին շնորհակալություն հայտնեց Մ.Բաղդասարյանին` Ստեփանակերտ քաղաքի կրթական համակարգում կատարած երկարամյա օրինակելի աշխատանքի և, մասնավորապես, մոտ 20 տարի տնային կոմիտեի նախագահի պարտականությունները սիրով և նվիրումով կատարելու համար:
Ըստ Արմեն Հակոբյանի, Միքայել Բաղդասարյանը պարտաճանաչ, սկզբունքային, քաղաքացիների ցավով ապրող անձնավորություն է:
Թոշակառու մանկավարժ Միքայել Բաղդասարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին` ի դեմս քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, որոնց աշխատանքը միտված է մայրաքաղաքի շենացմանը, զարգացմանն ու հարստացմանը: Նրա հավաստմամբ դեռ աշակերտական նստարանից նվիրված է եղել նաև հասարակական աշխատանքին: 7-րդ դասարանում ընդունվել է կոմերիտմիության շարքերը, 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընտրվել է դպրոցի սկզբնական կոմերիտական կազմակերպության քարտուղար: Եղել է նաև կոմերիտմիության գծով մարզկոմի բյուրոյի անդամ, պլենումի անդամ...
Հավելենք, որ քաղաքապետարանը չի մերժել Միքայել Բաղդասարյանի առաջարկը և նրա փոխարեն նշանակել է Անահիտ Աբրահամյանին: