ՄԻԱՄՍՅԱԿԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

09.11.2015

ԾԱՌԱՏՈՒՆԿԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ` ՆԱԵՎ  ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից ստորագրված` <<Ստեփանակերտ քաղաքում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ անցկացնելու մասին>> որոշման, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների մասնակցությամբ` մայրաքաղաքում շարունակվում են ընթացիկ աշխատանքները:

Միամսյակին մասնավորապես ակտիվորեն ներգրավվել են <<Սանմաքրում>>, <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգի>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ընկերությունների կոլեկտիվները, որոնց տքնանքի շնորհիվ, օրեցօր առավել տեսանելի և շոշափելի են դառնում դրական փոփոխությունները: Բուսաբանական այգու աշխատակիցների կողմից մայրաքաղաքի Տիգրան Մեծ, Կամո, Ալեք Մանուկյան, Թումանյան փողոցներում և Աջափնյակ թաղամասում արդեն տնկվել է 40 հացենի, 39 լորենի, 155 սոճի: Ծառատունկին զուգընթաց տարբեր փողոցներում,  միաժամանակ իրականացվում է տարեց, վթարային ծառերի սանիտարական էտ, պուրակներից և սիզամարգերից հանվում են չորացած ծաղիկները, պիտանի սերմերն առանձնացվում  ու պահեստավորվում,  փոցխվում է հողը, մաքրվում են    չոր խոտն ու տերևները` հեռացվում տարածքից:

Դրվատանքի են արժանի և մայրաքաղաքի սանիտարական մաքրության բարելավման նպատակով` <<Սանմաքրում>> կառույցի ղեկավարության կողմից ձեռնարկվող  եռանդուն քայլերը: Համալիր ձեռնարկումների արդյունքում, կարճ ժամանակահատվածում բարեկարգվել է քաղաքային աղբանոցի  շրջապատը, բարելավել սանիտարական մաքրության վիճակը: Աղբանոցի հարակից տարածքում և ճամփեզրերին կատարվել է ծառատունկ, որը նույնպես միտված է շրջակա միջավայրի էկոլոգիայի ապահովմանը և տարածքի պատշաճ կարգուկանոնի պահպանմանը: Միամսյակի շրջանակներում <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ՓԲԸ  աշխատակիցներն  աղբից և մացառներից ազատում են բնակելի շենքերի բակերն ու մանկական խաղահրապարակները, մարզադաշտերը:

Ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակը մայրաքաղաքում շարունակվում է:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն