ԿԱՅԱՑԱՎ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

05.11.2015

ՕՐԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ` ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ ՀՆՉԵՑՎԵՑԻՆ

   Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որին, քաղաքապետարանի պատասխանատուներից բացի, ներկա էր նաև տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

   Ստեփանակերտի քաղաքապետը, մինչև օրակարգային հարցերի քննարկումը` ավագանու նորընտիր անդամներին շնորհավորեց իրենց պարտականություններին անցնելու կապակցությամբ և մաղթեց արգասաբեր աշխատանք: Բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ նաև տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, ով քաղաքապետ Ս.Գրիգորյանի հետ վկայականներ հանձնեց ավագանու անդամներին:

   Քանի որ ավագանու անդամ Է.Բեգլարյանը օրակարգում ընդգրկված առաջին` <<Մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2011թ. որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> հարցի շուրջ հանդես եկավ առաջարկությամբ, ներկաների համաձայնությամբ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նպատակահարմար գտավ մշտական գործող հանձնաժողովների կազմը վերանայել, և խնդիրը քննարկել քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում ու փոփոխություններով հանդերձ այն ներառել հաջորդ նիստի օրակարգը:

   Ավագանին հավանության արժանացրեց <<Ստեփանակերտի քաղաքապետարանին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և քաղաքային համայնքի ավագանու` 2009թ. որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նոր որոշման նախագիծը և հաստատեց հանձնաժողովի անհատական կազմը>>: Այն կգլխավորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը:

   Նիստում որոշումներ կայացվեցին ոչ բնակելի տարածքները վարձակալության և ուղղակի վաճառքի ձևով տրամադրելու, համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք բնակարաններ` նվիրատվության կարգով օտարելու վերաբերյալ: 2015թ. 4-րդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով, ավագանին որոշեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450.0 հազար դրամ հատկացնել ավագանու անդամներին:

   Վերջում ավագանու անդամների կողմից` մայրաքաղաքի կենսաապահովման խնդիրներին առնչվող հարցերի ու առաջարկությունների վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկավ և նիստի աշխատանքներն  ամփոփեց քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն