ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ձմռանն արտակարգ պատահարների դեպքում ակնկալվող դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու և մայրաքաղաքի բնականոն կյանքն ապահովելու խնդիրներն են քննարկվել Ստեփանակերտի քաղաքապետարանի և ԼՂՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուների մասնակցությամբ` քաղաքաշինության նախարարությունում հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում, որին հրավիրվել էին նաև շինարարական, կոմունալ ծառայությունների, կենսաապահովման կազմակերպությունների ղեկավարներ:
Խորհրդակցությունում, որին ներկա էին և իրեկանացվելիք աշխատանքների համակարգման վերաբերյալ ելույթներով հանդես եկան Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, կարևորվեց ձմռան ընթացքում, ընդհուպ` ամենաբարդ իրավիճակներում համատեղ և արդյունավետ գործելու, քաղաքի փողոցներն ու մայթերը, բակերը, հասարակական վայրերը առատ ձյան շերտերից արագ ազատելու, քաղաքում անխափան երթևեկություն ապահովելու անհրաժեշտությունը: Ընդգծվեց, որ ցանկացած դժվարություն հաղթահարելու համար նորոգ ու պատրաստ վիճակում պիտի գտնվի ձյունահավաք տեխնիկան, իրավասու կառույցների կողմից պատշաճ վերահսկողություն պիտի սահմանվի կազմակերպվող աշխատանքների նկատմամբ և յուրաքանչյուրը պատասխանատվություն պիտի զգա իր ձեռնարկումներում:
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի առաջարկությամբ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ ծառայությունների ղեկավարները նախանշվող աշխատանքների վերաբերյալ հանդես եկան տեղեկատվությամբ: Ձմռան շրջանում ձեռնարկվելիք գործողություններին անդրադարձել են նաև շինարարական և տրանսպորտային կառույցների պատասխանատուները: Արդյունքում` հստակեցվել է միջոցառումների իրականացման ծրագիրը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն