ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ` ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԿԵՏՈՎ
<<Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով` Երևան ժամանած Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, բոլոր երևանցիների ու ստեփանակերտցիների համար տոնը նշանավորվեց ևս մի հաճելի իրադարձությամբ: Հանդիսավոր պայմաններում ստորագրվեց 2015-2020թթ համագործակցության ծրագիր:
Հանդիպմանը Տարոն Մարգարյանը նշելէ, որ դա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ամուր բարեկամության ևս մեկ ապացույց է, աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն:
Ստեփանակերտի հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն անցած ժամանակահատվածում իսկապես եղել է նկատելի ու արդյունավետ, ինչն էլ, ըստ էության, այսօր արդեն հնարավորություն է ընձեռել ստորագրել ու համագործակցության նոր համաձայնագիր: Համոզված եմ, - ընդծել է Տ.Մարգարյանը, - որ հնգամյա ժամկետով ստորագրվող համագործակցության նոր ծրագիրը ևս կյանքի կկոչվի ամբողջությամբ, և համագործակցության շարունակականության շնորհիվ մենք կգրանցենք նշանակալի արդյունքներ: Իմ կողմից անչափ կարևորված է նաև համագործակցությունը վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ու պետք է նշեմ, որ այն ևս հաջող ընթացք ունի: Միայն այս տարվա ընթացքում ԼՂՀ են այցելել վարչական շրջանների 30-ից ավելի պատվիրակություններ, ու իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Տարոն Մարգարյանին շնորհավորելով Երևանի օրվ աառթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում` Երևանի քաղաքապետի կողմից ցուցաբերվող մշտական պատրաստակամության և գործադրվող եռանդուն ջանքերի համար: «Ուրախությամբ եմ ուզում նշել, որ մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետ: Գրանցվող հաջողություններն էլ իսկապես շոշափելի են: Եվ այդ ամենում, անշուշտ, մեծ է Ձեր անձնական ներդրումը, ինչի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ և բոլոր ստեփանակերտցիների անունից ի դեմս Ձեզ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության ու ջանքերի համար>>: Ս.Գրիգորյանն, օգտվելով առիթից, առանձնակի կարևորել է նաև Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև հաստատված համագործակցությունը, որը ևս արդյունավետորեն կյանքի է կոչվում:
Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների քաղաքապետների կողմից ստորագրված համագործակցության նոր՝ հնգամյա ծրագիրը, նախատեսում է գործընկերական սերտ փոխգործակցություն` քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում, ինչպես նաև կապերի ամրապնդում` երկու քաղաքներում գործող կազմակերպությունների և գործարար շրջանակների միջև:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն