Սիրելի կանայք, մայրեր և քույրեր
Ուրախ եմ Ձեզ ողջունելու ավանդական տոնի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Տոն, որ զուգադիպում է գարնան զարթոնքի հետ, նվիրական զգացումներ արթնացնում մեր հոգում` յուրաքանչյուրիս համար այն դարձնելով առավել հոգեհարազատ ու խորհրդանշական: Ու պատահական չէ, որ մարտի 8-ը, որպես հիշարժան օր, ամրագրված է մեր տոնացույցում և խոր հարգանքով ենք վերաբերվում այդ երևույթին:
Մեր հանրապետությունում, ուր կանայք հասարակության լիիրավ անդամ են և օգտվում են ԼՂՀ Սահմանադրությամբ սահմանված իրենց իրավունքներից, մեծ ներդրում ունեն պետականաշինության մեջ, տնտեսության ամենատարբեր ոլորտներում, և անգնահատելի է նրանց դերն անկախության կերտման, ժողովրդական արժեքների ամրապնդման գործում: Կանայք, նեցուկ կանգնելով տղամարդկանց, արժանապատվորեն կատարեցին հայրենասիրական ու քաղաքացիական իրենց պարտքը` ինչպես պատերազմի դժվար տարիներին, երբ ազատ ու անկախ Արցախի ճակատագիրն էր կանխորոշվում, այնպես էլ այսօր` ակտիվորեն մասնակցելով հայրենիքի շենացմանը: Նրանք ներգրավված են օրենսդիր և գործադիր, քաղաքային իշխանություններում, զբաղվում են գիտական, մանկավարժական արգասաբեր աշխատանքով ու հասարակական գործունեությամբ, արարում, արժեքներ են ստեղծում: Եվ ինչպիսի պարտականություն էլ որ վստահված լինի նրանց, կատարում են պատվախնդրորեն, պատասխանատվության բարձր զգացումով:
Սիրելի կանայք
Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ խորհրդանշական տոնի` մարտի 8-ի առթիվ և մաղթում անսահման երջանկություն, խաղաղություն ու ամենայն բարիք:
Կանանց միամսյակի մեկնարկը տրված է ու թող, ինչպես ասում են, գարունները գան ու մնան: