Նախընտրական քարոզարշավի շրջանակներում շարունակվում են Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանդիպումներն ընտրողների հետ:
Օգոստոսի 21-ին Ս.Գրիգորյանը հյուրընկալվել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում, ուր նա նախընտրական իր ծրագիրն է ներկայացրել հավաքվածներին, կարևորել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քաղաքական նշանակությունը` երկրի կյանքում: Անդրադառնալով վերջին շրջանում քաղաքապետարանի կողմից ամենատարբեր ոլորտներում իրականացված ծրագրերին, քաղաքապետի թեկնածուն ընդգծել է գերակա այն խնդիրները, որոնք ծառացած են քաղաքային իշխանությունների առաջ և ընտրվելու դեպքում` ինքը մտադիր է դրանք կյանքի կոչել:
Պարոն Գրիգորյանն անխուսափելի է համարում քաղաքաշինության բնագավառում մեկնարկած այն բարեփոխումները, որոնք միտված են մայրաքաղաքի բարեկարգմանն ու ճարտարապետական դեմքի պահպանմանը: Ելնելով խնդիրների առաջնահերթությունից, նա իր նկատառումները հայտնեց Ստեփանակերտի բարեկարգման, սանիտարական մաքրության և կանաչապատման, տրանսպորտի, արտաքին լուսավորության բարելավման վերաբերյալ, խոսեց քաղաքի կենսապահովման կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության, կրթության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտում ծրագրվող անելիքների մասին: Սուրեն Գրիգորյանն իր ելույթում առանձնակի կարևորեց բնակչության սոցիալական հիմնախնդիրների նկատմամբ սրտացավ գտնվելու ու մարդկանց կարեկից լինելու անհրաժեշտությունը, ինչը նրա կարծիքով, յուրաքանչյուր պաշտոնյայի համար պարտադիր պահանջ պիտի հանդիսանա:
Հանդիպման վերջում քաղաքապետի թեկնածուն պատասխանել է ընտրողների տարաբնույթ հարցերին` խոստանալով դրանց լուծմանը գործնական աջակցություն ցուցաբերել:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն