ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

15.07.2015

Ուժեղացնել անբարեխիղճ վարկատուների նկատմամբ վերահսկողությունը

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 15-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը:

Համաձայն քաղաքային համայնքի 2015 թվականի բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին հաղորդման, Ստեփանակերտի քաղաքային  համայնքի 2015թ.1-ին կիսամյակի ընդհանուր մուտքերը կազմել են 541424.2 հազ.դրամ` պլանավորված 632272.6 հազ. դրամի դիմաց: Ընդհանուր մուտքերի 30.4!%-ը կազմել են սեփական եկամուտները: Նախատեսված 171652.6 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 164424.2 հազ.դրամ /կատարողականը կազմում է 98.8%/: Նախորդ տարվա համեմատ  սեփական եկամուտներն աճել են  8127.4 հազ.դրամի չափով կամ 5.2 %-ով:

Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 38789.4 հազ.դրամ, կամ նախատեսվածի 80.0%-ը: Հողի հարկից գանձվող մուտքերը կազմել են 4859.5 հազ.դրամ: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 51441.1 հազ.դրամի գույքահարկ: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 28674.1 հազ.դրամ, որը կազմում է նախատեսված 25200.0 հազ.դրամի 113.8%-ը:

Իր նկատառումները հայտնելով առաջին կիսամյակի արդյունքների մասին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մասնավորապես նշեց, թե չնայած  եկամուտների մասով նախորդ տարվա համեմատ զգալի աճ է գրանցվել, այնուամենայնիվ, ձեռք բերված արդյունքները  բավարար համարել չի կարելի և բոլոր ջանքերը պիտի գործադրել առաջադրված խնդիրը  պատվով կատարելու համար: Գույքահարկի գծով նույնպես շոշափելի առաջընթաց է ապահովվել, սակայն քաղաքապետը գտնում է, որ անբարեխիղճ վարկատուների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և  տույժեր կիրառելու դեպքում, պատկերն անհամեմատ ավելի գոհացուցիչ կլինի: Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարեց արդյունավետ օգտագործել եկամուտների  ապահովման ու հարկերի հավաքագրման ներուժը և տարին եզրափակել բարձր ցուցանիշներով:

Քաղաքային համայնքի ավագանին ի գիտություն ընդունեց 2015թ.բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին հաղորդումը:

Նիստում որոշումներ կայացվեցին համայնքի սեփականություն հանդիսացող Ա.Հովհաննիսյան փողոցի N41 տունը նվիրատվության կարգով օտարելու, ինչպես նաև ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին  հաստատեց Ստեփանակերտ քաղաքի օրհներգը /հիմնը/: Նիստում որոշում կայացվեց Ստեփանակերտ քաղաքի <<Շ.Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը հարակից զբոսայգին անվանակոչել <<Ֆրանսիայի պուրակ>>:

Վերջում ավագանու անդամների կողմից բարձրացված  հարցերի շուրջ պարզաբանումներ կատարեց  քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն