Արդեն կիսվել է տարին և, բնականաբար, կիսամյակի արդյունքներն ամփոփելու և համագումարելու անհրաժեշտություն կա: Անցած ժամանակաշրջանում ինչպես են աշխատել քաղաքապետարանի համապատասխան բաժիններն ու նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները, մասնավորապես` քաղաքի կենսաապահովման համար պատասխանատվություն կրող կառույցները: Ինչպիսի քայլեր են ձեռնարկվում մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարների և հարկատեսակների հավաքագրման ուղղությամբ:
Գլխավորապես այս հարցերն էին քննարկման առարկա հանդիսացել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի ներկա էին նաև մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ: Քաղաքապետն ավելորդ չհամարեց հիշեցնել, որ անկախ կարգավիճակից և սպասարկման ձևից, բոլոր հարկատեսակների ու վարձավճարների մասով միանշանակ պիտի հավաքագրվեն նախատեսված գումարները, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ բարելավել ջրի անխափան մատակարարումը, ժամանակին կազմակերպել աղբի տեղափոխման ու սանիտարական մաքրության ապահովումը մայրաքաղաքում: Ս.Գրիգորյանը կոնկրետ հանձնարարություններ տվեց կառույցների ղեկավարներին` նշելով, որ անձամբ է վերահսկելու իրականացվող աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցությունում քննության առնվեցին նաև առաջիկա տոներին և համապետական նշանակության միջոցառումների անցկացմանն առնչվող մի շարք հարցեր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն