Ստեփանակերտ. Ոգեկոչելով սումգայիթյան զոհերի հիշատակը

29.02.2012

   Սումգայիթյան ջարդերն Ադրբեջանի իշխանությունների կողմից վարած 70-ամյա հայատյաց քաղաքականության արդյունք են, որ ի պատասխան Արցախի բնակչության արդար պահանջի, 1988-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի նստաշրջանի ընդունած հայտնի որոշման, անմեղ մարդկանց նկատմամբ ուղղորդվեցին խոշտանգումներով ու դաժան սպանություններով, հրկիզումներով և ունեցվածքի թալանով, հայկական էթնոսի ոչնչացմամբ: Ցավոք, ցեղասպանության կազմակերպիչներն ու մարդասպաններն իրենց արժանի պատիժը դեռ չեն ստացել և հարևան երկրում շարունակվող հակահայկական ընգծված քարոզչության շնորհիվ, ատելությունն ու թշնամանքը հայ ժողովրդի հանդեպ ավելի է խորանում:

  Այս կարծիքին են Սումգայիթի փետրվարյան ողբերգության 24-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի մայրաքաղաքում անցկացված երթի մասնակիցները, ովքեր բռնությունները դատապարտող պաստառներով փետրվարի 28-ին շտապելով Ստեփանակերտի հուշահամալիր, իրենց խոնարհումն էին բերում ոճրագործությանը զոհ դարձած հայերի հիշատակին: Իսկ նրանց շարքերում քիչ չեն սումգայիթյան իրադարձություններից տուժածները, ովքեր կորցնելով հարազատներին, տուն ու տեղ` մարզապուրծ փրկվել են մահվան ճիրաններից ու հայրենիք վերադարձել: Պետությունն, ինչ խոսք, լուծել է նրանց բնակարանային խնդիրները, փորձելով  թեթևացնել հոգսերը: Բայց միևնույն է` մարդկանց վիշտը խորն է, կորուստն անդառնալի ու դժվարությամբ են ամոքվում նրանց վերքերը:

 Ժամը 11-ին Ստեփանակերտի հուշահամալիր այցելեց ԼՂՀ ղեկավարությունը` նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ: Նա ծաղիկներ դրեց Սումգայիթի ողբերգության անմեղ զոհերի  հիշատակին կանգնեցված հուշաքարին, ներկա գտնվեց Արցախի հոգևոր թեմի սպասավորների կողմից ոճրագործության տարելիցի կապակցությամբ կազմակերպված հոգեհանգստի արարողությանը:

  Փետրվարի 28-ին սումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ հուշահամալիր է այցելել ու սումգայիթյան զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ դրել նաև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: