ԵՐԵՎԱՆ – ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

08.06.2015

   Արդեն  երրորդ   տարին  է, ինչ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների  միջև` բարեկամության  մասին  համաձայանագրի  շրջանակներում, Երևանի     քաղաքապետարանը նախաձեռնում է ծնողների այցելություն և տեսակցություն`     զինծառայողների հետ:

     Ուշագրավ է , որ նման  այցելությունները դարձել են գեղեցիկ ավանդույթ: Իսկ մտահղացման հեղինակը Երևանի    քաղաքապետ   Տարոն   Մարգարյանն է, ով նպատակ ունի հիշյալ ձեռնարկումներով, ամրապնդել բանակ - հասարակություն  կապը , ինչպես նաև     ծնողների  վստահությունը` զինծառայող զավակների  նկատմամբ:

    Հերթական,  ավանդական  այցելությունը    կայացավ   ս.թ. հունիսի 6-ին : Երևանից ժամանած պատվիրակությունը գլխավորում էր քաղաքապետարանի սոցապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Շուրջ 250 ժամկետային զինծառայողների   ծնողներին  ու  հարազատներին  դիմավորեցին  Ստեփանակերտի փոխքաղաքապետեր Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը և ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող կենտրոնական ենթակայության զորամասի բարձրաստիճան սպաները: Որպես հարգանքի տուրք` նրանք ծաղիկներ տեղադրեցին սպարապետի հուշարձանին: Ծնողներն ու  զինծառայողներն անկաշկանդ զրույց ունեցան իրար հետ, հետաքրքրվեցին միմյանց հուզող խնդիրներով:  Այնուհետև նախանշված ծրագրի շրջանակում կազմակերպվեց     հյուրերի    հանգիստը: Երեկոյան  կենտրոնական  պաշտպանական   շրջանի     ակումբում, Ստեփանակերտի     մշակույթի  տան  գեղարվեստական    խմբերի  ուժերով  կազմակերպվեցին   համերգ և   մշակութային  այլ  միջոցառումներ :

   Հանդիպումն անցավ  ջերմ  և  հուզիչ  մթնոլորտում: Կազմակերպիչներին իրենց շնորհակալությունը  հայտնեցին  թե  Երևանի     քաղաքապետարանի     պատվիրակները , թե ծնողները   և թե զորամասի  սպայական  կազմը :  Նշվեց, որ նման  հանդիպումները  նպաստում   են    զինծառայողների  ռազմահայրենասիրական դաստիարակությանը և նրանց մարտական ոգու բարձրացմանը:

  Ինչպես զրույցի ժամանակ վստահեցրել են Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, նման միջոցառումները լինելու են շարունակական :

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն