ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

27.05.2015

Քննարկումների ժամանակ չեն անտեսվել նաև կենսական նշանակության հարցերը

 

Մայիսի 27-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի նիստերի հիմնանորոգված դահլիճում կայացավ քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ավագանու անդամ Գագիկ Բաղունցի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը ներկաներին իրազեկեց, որ ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Գ.Բաղունցը քաղաքային համայնքի ավագանուն է դիմել իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով: Նրա դիմումը բավարարվեց: Քաղաքապետը ավագանու, քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորեց Գագիկ Բաղունցին` խորհրդարանի պատգամավոր ընտրվելու առիթով, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց իր պարտականությունների բարեխիղճ կատարման համար`  պարգևատրելով հուշանվերով: Պատասխան խոսքում պատգամավորը ևս շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և գործընկերներին` այն ջերմ մթնոլորտի համար, որը նպաստել է փոխգործակցության խորացմանն ու արդյունավետ աշխատանքին:

Նիստում համաձայնություն ձեռք բերվեց  ավագանու անդամներին 2015թ. 2-րդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ գումար հատկացնելու վերաբերյալ: Մեկ այլ որոշմամբ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին փոփոխություններ մտցրեց ավագանու ս.թ. մարտի 5-ին ընդունված որոշման մեջ: Նիստում հավանության արժանացավ և համայնքի սեփականությանը հանդիսացող ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին որոշման նախագիծը:

Մայրաքաղաքում 2015թ. փետրվարի 22-23-ը տեղացած առաջ ձյան մաքրման և բազմաբնակարան շենքերի տանիքներին հասցված վնասների վերացման աշխատանքները լրացուցիչ ֆինանսավորելու նպատակով, ավագանին որոշեց քաղաքային համայնքի պահուստային ֆոնդի միջոցներից <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնել 655 հազար, իսկ <<Սանմաքրում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` 1 մլն 324 հազար դրամ:

Օրակարգային հարցերը սպառելուց հետո նիստի ավարտին ավագանու անդամների կողմից բարձրացվեցին Ստեփանակերտի կենսաապահովման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ կարծիքներ հնչեցվեցին և պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Անդրադառնալով բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը, փողոցների, մայթերի և խաղահրապարկների բարեկարգմանն առնչվող խնդիրներին, քաղաքապետը նշեց, որ նման հարցերը քաղաքապետարանի կողմից ծրագրված առաջնահերթությունների շարքում են մնում, որոնց վերաբերյալ համապատասխան առաջարկություններ են ներկայացվել կառավարություն և ինքն այն համոզմունքն ունի, որ գործադիրում ըմբռնումով կմոտենան: Ինչ վերաբերում է տանիքների, անանցանելի փողոցների ու մայթերի ընթացիկ նորոգումներին, Ս.Գրիգորյանը տեղեկացրեց, որ պետբյուջեից հատկացված սուղ միջոցների հաշվին աշխատանքները շարունակվում են մայրաքաղաքում, և առաջնահերթությունը տրվում է շրջայցի ընթացքում առավել <<թիրախային>> վիճակում հայտնված շինություններին և թաղամասերին: Հիշյալ հարցերը, նրա  խոսքով, մշտապես կգտնվեն քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում և ընթացիկ նորոգումները պարբերական բնույթ կկրեն:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն