ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ
Մայիսի 9-ին տոնական հանդերձանքի մեջ գտնվող Ստեփանակերտը սովորականից շուտ արթնացավ: Առավոտյան մարդկանց հոսքը ձգվում էր Մեծ հայրենականում և արցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակը հավերժացնող Հուշահամալիր, ուր խոնարհվելով` հարգանքի տուրք էին մատուցում, մեկ անգամ ևս արժևորելով պապերի ու հայրերի, նրանց զավակների անցած մարտական փառավոր ճանապարհը:
Ժամը 10-ն անց 30-ին Վերածննդի հրապարակից հանրության քայլերթին են միանում Արցախի և Հայաստանի կառավարական պատվիրակությունները` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Այստեղ են նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ու ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, Հայրենական պատերազմի և արցախյան գոյամարտի վետերաններ, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մեծաթիվ հյուրեր` Հայաստանից և արտերկրից:
Կառավարական պատվիրակության կազմում է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Հայաստանի և Արցախի իշխանությունների, ՊԲ հրամանատարության, գերատեսչությունների և հասարակական կառույցների անունից ծաղկեպսակներ են տեղադրվում Հուշահամալիրին: Ծաղկեպսակ է դրվում նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգում են զոհվածների հիշատակը: Պետական այրերն այցելում են նաև Արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված մարտիկների շիրիմներին ու մեկական` խորհրդանշական ծաղիկներ դնում, հարգում նրանց պայծառ հիշատակը:
Այնուհետև տոնական հանդիսությունների գլխավոր հավաքատեղի են դառնում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն ու Ստեփան Շահումյանի անվան պուրակը, որտեղ կազմակերպվեցին մի շարք ուշագրավ միջոցառումներ:
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները եզրափակվեցին տոնական համերգով և հրավառությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար