ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` <<ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ>> ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

29.04.2015

Ապրիլի 29-ը մայրաքաղաք Ստեփանակերտում նշանավորվեց հիշարժան իրադարձությամբ: <<Գրիգոր Նարեկացի>> համալսարանի մուտքի մոտ վերջերս տեղադրված Սզնեքի ճերմակ, մարմարե հարթաքանդակի /հեղինակ` Արցախի հանրապետության վաստակավոր քանդակագործ Ալբերտ Հարությունյան/ վերաբացման առիթով կայացավ հանդիսավոր միջոցառում:

Արարողությանը ներկա էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, գրողները մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսքում արժևորելով Գրիգոր Նարեկացու գիտական, հոգևոր ժառանգությունը, համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը մասնավորապես գնահատեց այն ելույթը, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Նորին սրբության Հռոմի պապ  Ֆրանցիսկոյի կողմից Սուրրբ Պետրոս տաճարում մատուցած պատարագի ժամանակ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Գրիգոր Նարեկացուն հռչակել է <<Տիեզերական եկեղեցու վարդապետ>>:

Միջոցառմանը Տեր-Մինաս քահանայի գլխավորությամբ հարթաքանդակի օրհնության կարգ կատարվեց: Այնուհետև համալսարանի դահլիճում կայացավ Գրիգոր Նարեկացուն նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:

Հատկանշական է, որ ի նշան ընթերցողների կողմից` միջնադարի հայ մեծանուն բանաստեղծի նկատմամբ ունեցած խոր սիրո և հարգանքի, յուրաքանչյուր տարի` ապրիլի 29-ին Գ.Նարեկացու հարթաքանդակի մոտ կանցկացվի պոեզիայի օր:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար