Փետրվարի 28-ին Արցախի ժողովուրդն աշխարհի համայն հայության հետ 27-րդ անգամ խնկարկվեց Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը:
Դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղորդված ոճրագործությունը, որը հետագայում զանգվածային բնույթ կրեց Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում և հայաշատ մյուս բնակավայրերում, Ստեփանակերտում կայացած բազմամարդ երթի մասնակիցները <<Ոչ ցեղասպանությանը>>, <<Սումգայիթյան եղեռնը մնում է չբացահայտված>>, <<Պահանջում ենք արդար դատավարություն>>, <<Սումգայիթի ոճրագործները պիտի արժանի պատիժ կրեն>>, <<Փետրվարի 28-ը` Սումգայիթի զոհերի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է>> ու այլ խորագրեր կրող պաստառներով վաղ առավոտից շարժվում էին Հուշահամալիր, ուր 1988-ի 27-29-ը իրականացված դաժան ջարդերից ընդամենը օրեր անց տեղադրվել է Սումգայիթի զոհերի հիշատակին կառուցված առաջին հուշարձանը:
Մարդիկ ծաղիկներ են խոնարհում` ակնկալելով, որ մի օր քաղաքական ու իրավական գնահատման կտրվի ցեղասպանությանը և աշխարհում վերջ կտրվի նման անմարդկային վայրագություններին:
Ժամը 11.00-ին համաքաղաքային երթին են միանում նաև երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների, տարբեր գերատեսչությունների, պաշտպանության բանակի, քաղաքական-հասարակական կառույցների ներկայացուցիչները` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ովքեր նույնպես հարգանքի տուրք են մատուցում` խնկարկելով անմեղ զոհերի հիշատակը: Այստեղ է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Հուշարձանին ծաղկեպսակներ են տեղադրվում իշխանությունների, Ստեփանակերտի քաղաքապետարանի, պետական և հասարակական կառույցների, զինված ուժերի հրամանատարության, Սփյուռքից և Երևանից ժամանած պատվիրակությունների անունից:
Հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար