ԱՌԱՏ ՁՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ
Փետրվարի 21-ին տեղացած աննախադեպ առատ ձյունն անակնկալ էր ստեփանակերտցիների համար և այն, բնականաբար, լուրջ խնդիրներ է առաջացրել մայրաքաղաքում:
Ձնամաքրման աշխատանքներին իր համեստ տեխնիկայով դեռևս կեսգիշերին է ձեռնամուխ եղել <<Սանմաքրում>> ոչ առևտրային կազմակերպության կոլեկտիվը, որից հերթական փորձությունը հաղթահարելու համար լրացուցիչ ջանքեր են պահանջվել: Առավոտյան նրանց էին միացել քաղաքապետարանի ողջ անձնակազմը, <<Բնակարանային շհագործման տնտեսության>>, Ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգու, ինչպես նաև <<Ջրմուղ – կոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները` փորձելով հնարավորության սահմաններում ձյան հաստ շերտերից մաքրել փողոցներն ու մայթերը, բազմաբնակարան շենքերի բակերն ու աստիճանները /սանդուղքները/: Ու քանի որ առատ տեղումները շարունակվում էին հաջորդ օրվա ընթացքում` դժվարություններ ստեղծելով բնակչության, կենսաապահովման, մասնավորապես տրանսպորտային երթևեկության անխափան շարժը քաղաքում ապահովելու համար, քաղաքապետարանը, ելնելով իրավիճակի շտկման անհրաժեշտությունից, ձնմաքրման աշխատանքներին ներգրավեց նաև մասնավոր տնտեսություններին` մի քանի միավոր տեխնիկայի ընդգրկմամբ:
Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի խոսքով, ով համակարգում է իրականացվող աշխատանքները, գործընթացը մայրաքաղաքում շարունակվում է գրեթե շուրջօրյա ռեժիմով: Պարբերաբար անհրաժեշտ քանակությամբ աղ և ավազ է ցանվում փողոցներում ու մայթերում, ծառերն ու թփերն ազատվում են առատ ձյան շերտերից: Սակայն շարունակվող տեղումները խոչընդոտում են աշխատանքների կազմակերպմանը և արդյունքը քիչ շոշափելի է թվում:
Մասնագետների բնորոշմամբ, ժամանակակից գերհզոր տեխնիկայի ձեռքբերումը, որի կարիքը վաղուց է զգացվում և լուրջ գումարների հետ է կապված, անշուշտ, կնպաստեր խնդրի արդյունավետ լուծմանը և հեշտությամբ կհաղթահարվեին դժվարությունները: Միևնույն ժամանակ չի կարելի անտեսել քաղաքի այն հիմնարկ-ձեռնարկությունների ու տնտեսվարող սուբյեկտների, ուսումնական հաստատությունների աջակցությունը, որ նրանց կողմից ցուցաբերվեց արտակարգ իրավիճակների պայմաններում: Սա այն պահն է, որ անհրաժեշտ է համատեղել ուժերը և ձնամաքրման ուձնահեռացման աշխատանքներին, անկախ սեփականության ձևից պարտավոր են մասնակցել բոլոր կառույցները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար