Հունվարի 13-ին հին տոմարով Նոր տարին տոնական ուրախ տրամադրությամբ են դիմավորել, ինչպես նաև` ճանապարհել մայրաքաղաքի բնակիչները:
Ավանդական դարձած միջոցառումը, որ կազմակերպել էր Ստեփանակերտի քաղաքապետարանի <<Ստեփանակերտի մշակույթի տուն>> ՊՈԱԿ-ը` Շահումյանի անունը կրող կենտրոնական պուրակում, անցել է երգի ու երաժշտության, ասմունքի սիրահարների ակտիվ մասնակցությամբ: Համերգային հագեցած հարուստ ծրագիրը, որի մեջ ներառվել էին ինչպես հայկական ժողովրդական և էստրադային երգեր ու պարեր, այնպես էլ` ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, մեծ տպավորություն է թողել արվեստասերների վրա:Առանձնահատուկ ոգևորությամբ են հանդես եկել գեղարվեստական խմբի փոքրիկները` արժանանալով Ձմեռ պապի և Ձյունանուշի քաջալերանքին:
Միջոցառումը վերածվել է իսկական տոնախմբության` ժպիտներ և ջերմություն պատճառելով հազարավոր ստեփանակերտցիների:
Իզուր չի ասված` ինչպես դիմավորեցիր Նոր տարին, նույն տրամադրությամբ էլ այն քեզ կուղեկցի մինչև տարեվերջ:
Տոնախմբությանը ներկա է գտնվել նաև քաղաքապետ Ս.Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար