Սիրելի հայրենակիցներ
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Պատմության գիրկն է անցնում 2014 թվականը, որը նշանավորվեց խաղաղ ու ստեղծարար աշխատանքով, հիշարժան իրադարձություններով: Կարծում եմ սխալված չենք լինի ասել, որ այն երիտասարդ մեր երկրի համար նոր փորձությունների ու նաև զարգացման տարի էր: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ մեզ հաջողվեց ևս մեկ առաջընթաց քայլ կատարել անկախության կերտման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տնտեսության զարգացման ճանապարհին:
Առաջնահերթ խնդիրների լուծման տեսանկյունից տարին բարեհաջող էր և ստեփանակերտցիներիս համար: Իրագործվեցին քաղաքի փողոցների բարեկարգմանն ու կառուցապատմանը, ջրամատակարարման ապահովմանն ուղղված ծավալուն աշխատանքներ, տարաբնույթ ծրագրեր: Շահագործման հանձնվեցին մի շարք բնակելի շենքեր, կրթամշակութային և կենսական նշանակության շինություններ: Մայրաքաղաքում վերաբացվեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի հիմնանորոգված հարմարավետ մասնաշենքը: Սովորողների առաջ հյուրընկալորեն իրենց դռները բացեցին հհ 1 և 6 հիմնական դպրոցները: <<Արցախ>> նորակառույց թաղամասում տեղադրվեց գեներալ Անատոլի Զինևիչի, իսկ Մարտունի փողոցում` Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը: Բավականին աշխույժ և հագեցած էր նաև մշակութային կյանքը: Ստեփանակերտ այցելեցին աշխարհահռչակ մի խումբ արվեստագետներ, որոնք բարձրարժեք կատարումներով հաստատեցին իրենց սերն ու հարգանքը` մեր ժողովրդի և պետության նկատմամբ: Այդ տեսակետից բացառիկ էր աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի ելույթը` Վերածննդի հրապարակում, ուր նա հնչեցրեց Մեծն Կոմիտասի հանրահայտ <<Կռունկը>>:
Քաղաքապետարանի տեսադաշտից դուրս չեն մնացել ծայրամասային փողոցների և թաղամասերի ենթակառուցվածքների կատարելագործման, արտաքին լուսավորման, քաղաքի կանաչ գոտիների ընդլայնման և սանիտարական վիճակի բարելավման հարցերը:
Դրական տեղաշարժերն, իրոք, նկատելի են Ստեփանակերտում: Միևնույն ժամանակ պիտի խոստովանենք, որ բարեփոխումները դեռևս ոչ բոլոր բնագավառներում են ցանկալի արդյունքներ տվել ու դեռևս չլուծված են մնում բնակչության կենսական նշանակության մի շարք խնդիրներ: Այդ առումով անելիքներ քիչ չունեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններն ու կառույցները, որոնց արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված բնակչության սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման մակարդակի բարձրացումը: Իսկ գաղտնիք չէ, որ հնարավորությունների, ներուժի խելացի օգտագործման դեպքում, հաջողություններն առավել շոշափելի կլինեն: Հետևաբար, մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ուշադիր և սրտացավ լինել շրջապատի նկատմամբ, կարողանա գիտակցել մի պարզ ճշմարտություն, որ Ստեփանակերտը բոլորիս հարազատ տունն է և ձգտի իր անձնական ներդրումն ունենալ մայրաքաղաքի զարգացման ու բարգավաճման գործում:
Գտնվելով Ամանորի նախաշեմին և հույսեր կապելով Նոր տարվա հետ, ամենաբարի նկատառումներով մենք ակնկալիքներ ունենք նրանից: Իսկ, որպեսզի իրականանան մեր սպասելիքները, պիտի միասնական գտնվենք բոլոր ձեռնարկումներում, հանուն պայծառ ապագայի` համատեղենք մեր ջանքերը, կառուցենք ու առավել հմայիչ դարձնենք սիրելի Ստեփանակերտը:
Սիրելի համաքաղաքացիներ
Վերստին շնորհավորում եմ ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում երջանկություն ու ամենայն բարիք: Թող Նոր տարին ստեփանակերտցիներիս, բոլոր արցախցիների, համայն հայության համար լինի կայունության և խաղաղության տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: