Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ դեկտեմբերի 17-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի` 2014թ. վերջին նիստը:
Կապված Ամանորի միջոցառումների անցկացման, մայրաքաղաքի տոնական ձևավորման և նախադպրոցական տարիքի երեխաներիհամարնվերների ձեռքբերման հետ, ավագանին փոփոխություններ կատարեց <<Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2014թ. բյուջեի մասին>> նախկինում ընդունված որոշման մեջ: 2014թ. չորրորդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով նիստում որոշում կայացվեց համայնքի ավագանու անդամներին` համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ գումար հատկացնելու վերաբերյալ:
Ավագանին իր համաձայնությունը տվեց համայնքի սեփականություն հանդիսացող թվով 7 բնակարաններ նվիրատվության կարգով օտարելու մասին որոշմանը: Անդրադառնալով խնդրահարույց հարցին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չհիմնավորվածև անընդունելի համարելով աշխատանքների դանդաղումը, քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել` 2015 թվականին համայնքի ենթակայության տակ գտնվող բնակարանների սեփականաշնորհման գործընթացն ավարտին հասցնելու համար:
Ընդառաջելով ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի խնդրանքն, քաղաքային համայնքի ավագանին որոշեց Վ.Սարգսյան փողոցի հ.25 շենքի երկրորդ հարկից 61,34քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ծառայությանը:
Ավագանու անդամների խնդրանքով, քաղաքապետը մի շարք պարզաբանումներ արեց 2015թ. Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի նախագծի շուրջ, անդրադարձավ նոր տարում նախանշվող սոցիալ-տնտեսական ծրագրերին: Նիստում չշրջանցվեցին նաև մայրաքաղաքի առօրյա հոգսերին, ենթակառուցվածքներին, կենսապահովման խնդիրներին առնչվող հարցերը:
Վերջում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` ակնկալելով ակտիվ և փոխշահավետ համագործակցություն:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար