Տոնական ձևավորմանն աջակցել է նաև Երևանը
Արցախի մայրաքաղաքը դեռ դեկտեմբերի սկզբներից է նախապատրաստվում Ամանորին: Ստեփանակերտի հրապարակում, պուրակներում և փողոցներում, պետական հաստատություններում, հասարակական վայրերում արդեն ավարտին են մոտենում տոնական ձևավորման ու զարդարման, լուսային գունեղ շղարշների և խորհրդանշական հնչեղ գուներանգներով պաստառների տեղադրման աշխատանքները, որոնք համակարգվում են քաղաքապետարանի տոնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովի կողմից: Այդ գործընթացին ակտիվորեն ներգրավվել են քաղաքապետարանի համապատասխան բաժինների, <<Բնակշահագործման տնտեսություն>> ՓԲԸ, <<Արցախէներգո>> ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ըստ հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի, Վերածննդի հրապարակում տեղադրվող երկրի գլխավոր տոնածառից բացի քաղաքի տարբեր վայրերում, թաղամասերում ևս տեղ կգտնեն Ամանորի տոնածառեր: Ընդորում, դրանց մեծ մասը պուրակներում վաղուց հաստատված կենդանի եղևնիներ են, որոնք զարդարվելով լուսային էֆեկտներով, կշարժեն ոչ միայն փոքրիկների, այլև մեծերի հետաքրքրությունը: Հատկանշական է նաև, որ դեկտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում նախադպրոցական երեխաների համար կկազմակերպվեն Ամանորի տոնական միջոցառումներ և քաղաքապետարանի կողմից նվերներ կբաժանվեն:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Ա.Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտի ամանորյա ձևավորմանն իրենց մասնակցությունն են բերել <<Երքաղլույս>> ընկերության մասնագետները, որոնց շնորհիվ մայրաքաղաքի մուտքը, <<Ազատության հրապարակը>>, կենտրոնական փողոցներն ու որոշ թաղամասեր լուսային հարմարանքներով գունազարդվել, տոնական յուրահատուկ տեսք են ստացել: Վերածննդի հրապարակում շարժական բեմի գեղարվեստական ձևավորման աշխատանքները ստանձնել է <<Արմ փրոդաքշն>> ընկերությունը, որտեղ Ամանորի ծրագրի շրջանակում կկայանան տոնական միջոցառումները:
Դեկտեմբերի 16-ին հանդիսավորությամբ վառելով հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, քաղաքապետ Ս.Գրիգորյանը տոնական հաճելի տրամադրություն է մաղթել ստեփանակերտցիներին: Մարդաշատ հրապարակում` տոնածառի շուրջ մշակույթի քաղաքային տան գեղարվեստական կոլեկտիվը հանդես է եկել համերգային հագեցած ծրագրով, որին մասնակցել են նաև <<Ձմեռային հեքիաթի>> հայտնի հերոսները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար