Դեկտեմբերի 7-ին Արցախը 26-րդ անգամ խնկարկեց 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը` այցելելով Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ տեղադրելով վաղամեռիկ տաղանդավոր քանդակագործ Արմեն Հակոբյանի կերտած <<Ղարաբաղի Մեծ մոր ողբը>> հանրահայտ հուշարձանին:
Վաղ առավոտից ստեփանակերտցիների հոսքն այստեղ չէր դադարում: Հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիր էին շտապում աշխատանքային կոլեկտիվներ, ուսանողներ և դպրոցականներ, դասախոսներ և ուսուցիչներ, պատերազմի վետերաններ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ: Ժողովուրդը հիշում ու դարձյալ վերապրում է տեղի ունեցած ծանր ողբերգությունը, աղոթում ավելի քան 25 հազար անմեղ զոհերի հոգու հանգստության համար, աղոթում նաև, որ երկիրը հեռու մնա փորձություններից, արհավիրքներից:
Ժամը 11-ին Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար պետական այրերի, ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ Հուշահամալիր է այցելում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Այստեղ էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով քաղաքապետարանի աշխատակազմի հետ եկել էր քաղաքացիական իր պարտքը կատարելու: Հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակներ են դրվում ինչպես երկրի իշխանությունների, այնպես էլ Ստեփանակերտի քաղաքապետարանի անունից: Ապա Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները կատարում են հոգեհանգստի արարողություն: Աղոթքներ են հնչում <<նահատակված հոգիների փրկության համար>>:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար