Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է <<Էրեբունի-Երևան 2796>> տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը նկատել է. <<Սա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ամուր բարեկամության ևս մեկ ապացույցն է և աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն: Արդեն հանձնարարել եմ համապատասխան օղակների պատասխանատուներին Ստեփանակերտի գործընկերների հետ միասին քննարկել և նախապատրաստել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության քառամյա նոր համաձայնագրի նախագիծը: Ու ես համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ համագործակցության շարունակականության արդյունքում ևս կգրանցենք նշանակալի արդյունքներ` էլ ավելի ակտիվացնելով նաև փոխգործակցությունը Երևանի և ԼՂՀ շրջանների միջև>>, - նշել է Տարոն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին շնորհավորելով Տարոն Մարգարյանին` Երևանի օրվա կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում` Երևանի քաղաքապետի կողմից ցուցաբերել մշտական պատրաստակամության համար. <<Պարոն քաղաքապետ, այսօր իսկապես հաճելի է արձանագրել, որ երկուստեք մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է, արդյունավետ գրանցվող հաջողություններն էլ իսկապես շոշափելի են: Եվ այդ ամենում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անձնական ներդրումը, ինչի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ և բոլոր ստեփանակերտցիների անունից, ի դեմս Ձեզ, շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի ողջ անձնակազմին` երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության ու ջանքերի համար>>,- ասել է Ս.Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ստորագրվելիք համագործակցության քառամյա ծրագրով նախատեսված բոլոր կետերը ևս կհաջողվի համատեղ ջանքերով կյանքի կոչել:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար