ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՀԱՐԱԶԱՏ ՔԱՂԱՔԻ ՕՐԸ

27.09.2014

Ավանդույթների  և արժեքների պահպանումը` հուսալի ձեռքբերում

Սեպտեմբերի 27-ին Արցախի մայրաքաղաքում տոն էր, համաժողովրդական տոնախմբություն: Ստեփանակերտցիները հերթական անգամ նշեցին սիրելի քաղաքի ավանդական օրը: Առավոտից քաղաքի զինանշանով ու դրոշներով, գույնզգույն փուչիկներով զարդարված ավտոմեքենաները սրտաբուխ երաժշտության ուղեկցությամբ հայտնվելով փողոցներում` քաղաքապետարանի անունից ծաղիկներ և հուշանվերներ էին բաժանում անցորդներին Ստեփանակերտի օրվա կապակցությամբ,շնորհավորանքներ հղում նրանց` մաղթելով քաջառողջություն  և ամենայն բարիք:

Տոնակատարության մասնակիցների  թվում քիչ  չէին տարեցները, քաղաքի հին բնակիչները: Նրանք Ս.Շահումյանի անվան պուրակ էին շտապում ըմբոշխնելու  օրվա տոնական միջոցառումների հագեցած ծրագիրը, ուրախանալու և հպարտանալու հարազատ Ստեփանակերտի ձեռքբերումներով ու սերնդակիցների հետ կիսելու քաղաքի ծննդյան հետ կապված վաղեմի հիշողությունները: Նրանց շարքերում են և պատվավոր քաղաքացու կոչման արժանացած ստեփանակերտցիներ, որոնք խոր հարգանք ու հեղինակություն են վայելում Արցախում ու իրենց արժանի ներդրումն ունեն քաղաքի կառուցման ու նրա դիմանկարի կերտման, երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Այսօր նրանք վստահությամբ հերթափոխը հանձնում են երիտասարդ սերնդին`  համոզված լինելով, որ ավանդույթների և արժեքների պահպանումը գտնվում է հուսալի ձեռքերում…

Տոնակատարության հանդիսավոր արարողության մեկնարկը տրվեց Ս.Շահումյանի անունը կրող գողտրիկ պուրակում, ուր քաղաքապետարանի փողային նվագախումբը զվարթ երաժշտություն էր հնչեցնում: Համապատասխան տարածքներում ստեփանակերտցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին էին ներկայացվել Արցախի նկարիչների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների և Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի ստեղծագործությունները: Այստեղ կազմակերպվել էր նաև արցախյան հին գորգերի և հուշանվերների ցուցահանդես-վաճառք: Եվ, բնականաբար ներկայացվող արժեքավոր գործերն այնքան գայթակղիչ էին, ուշագրավ, որ տոնակատարության մասնակիցներից շատերը դատարկաձեռն տուն չգնացին…

Ժամը 11-ին հանրապետության ղեկավարները` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, քաղաքային իշխանության ներկայացուցիչները` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մասնակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամները, որպես հարգանքի տուրք ծաղիկներ են դնում Ստեփան Շահումյանի հուշարձանին, խնկարկում նրա հիշատակը: Ապա նրանք խառնվում են հանդիսության մասնակիցների ընդհանուր երամին` ականատեսը դառնալով տոնական ամենաբազմազան միջոցառումների:

Մայրաքաղաքի զինանշանով խորհրդանշական շապիկներ հագած երիտասարդների մի մեծ խումբ միասնական շուրջպար էր բռնել պուրակի <<երգող>> շատրվանների ուղեկցությամբ` մասնակից դարձնելով պարի սիրահարներին… Իսկ <<Վերածննդի>> հրապարակում` մարզամշակութային միջոցառումների համալիր ծրագիր էր իրականացվում` շարժելով ներկաների հետաքրքրությունը: <<Բաց դաշտում>> իրենց ուժերն էին չափում շախմատի, ծանրաձողի մարզաձևի սիրահարները, պատանի ձյուդոիստներն ու բռնցքամարտիկները: Նրանց կողքին կրակոտ ու աշխույժ հանդես էին բացել ազգային ավանդական խաղերի մասնակիցները` ցուցադրելով իրենց ուժն ու ճարպկությունը: Ներկաների վրա առանձնակի տպավորություն թողեցին ասֆալտին` փոքրիկների կողմից կատարված նկարազարդումները, որոնք իրենց պատկերացումներն ու երևակայություններն էին վերարտադրել Արցախ աշխարհի մայրաքաղաք Ստեփանակերտի վերաբերյալ: Իսկ երեխաներից մեկը պարզապես Արցախի դրոշն էր նկարել` ճերմակ աղավնու թևերին…

Սեպտեմբերի 27-ը նշանավորվեց ևս մի ուշագրավ իրադարձությամբ: Ստեփանակերտի գողտրիկ  բարեկարգ փողոցներից մեկում, որը կրում է պետական ու ռազմական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունը, հանդիսավորությամբ կայացավ հայ ժողովրդի արժանավոր զավակի հուշարձանի բացումը: Եվ այն  ընկալվեց  որպես յուրահատուկ նվեր` ստեփանակերտցիներին: Արարողությանը ներա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ և զինվորականներ, Մեծ հայրենականի և արցախյան պատերազմի վետերաններ, հարյուրավոր ստեփանակերտցիներ, հյուրեր` Հայաստանից և արտերկրից:

Իր խոսքում ողջունելով Ա.Մյասնիկյանի <<վերադարձը>> և արժևորելով նրա հայանպաստ առաքելությունը, քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ մարմարակերտ հուշարձանը սիրո և հարգանքի խորհրդանշան կհանդիսանա հայազգի պետական գործչի նկատմամբ, և նրա հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ:

<<Ալեքսանդր Մյասնիկյանը պատկանում է այն մեծանուն հայ գործիչների թվին, ովքեր նշանակալի դերակատարություն են ունեցել Խորհրդային Հայաստանի կայացման ևհարազատ ժողովրդի ապագայի կերտման գործում,-նշեց քաղաքապետը: - Մեծ է նրա ավանդը երկրի տնտեսության վերականգնման ևզինված ուժերի ձեւավորման, հասարակության մեջ կայունության հաստատման, Սփյուռքի ևարևմտահայության հետ կապված խնդիրների լուծման, մշակույթի ևգիտության զարգացման, Հայաստանում մտավորականության համախմբման ևստեղծագործ աշխատանքի համար անհրաժեշտ  պայմանների ստեղծման գործում: Նա գրականագիտական ու հրապարակախոսական աշխատությունների հեղինակ է, որոնց զգալի մասը նվիրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին և Հայկական հարցին: Մյասնիկյանը համոզված էր, որ Հայկական հարցի լուծումը գտնվում է հենց մեր ժողովրդի ձեռքում, ևդրա մի մասն է կազմում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը:  Հենց նա էր, որդեռևս 1921թ. ՀԽՍՀ կառավարության անունից Լեռնային Ղարաբաղը հռչակեց Հայաստանի անբաժան մաս: Այնուհետև, Թբիլիսիում գումարված Կովկասյան բյուրոյի լիագումար նիստում նա գրեթե միակ գործիչն էր, որ լրջորեն ընդդիմացավ Ստալինին`դեմ քվեարկելով վերջինիս միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը: Մյասնիկյանի ջանքերի շնորհիվ Ադրբեջանը ստիպված էր 1923թ. Լեռնային Ղարաբաղին շնորհել ինքնավար մարզ կարգավիճակ>>:

Արցախի ժողովուրդը  կայացած պետություն է իր բոլոր խորհրդանիշներով ևՍահմանադրությամբ ամրագրված սահմաններով: Նա  ընտրել է ժողովրդավարական պետության կառուցմանճանապարհը ևհաստատուն քայլերով ընթանում է առաջ:Քաղաքապետն հպարտությամբ արձանագրեց , որ  այսօրվա սերունդը, իրականություն է դարձրել Ալեքսանդր Մյասնիկյանի եւ հայ ժողովրդի մյուս հայրենասեր զավակների երազանքը  և շարունակում է պայքարել նվիրական նպատակներին հասնելու համար։ Այդ միտքը հնչեցվեցին  նաև Արցախի կոմկուսի առաջնորդ Հրանտ Մելքումյանի, քանդակի հեղինակ Յուրի Հովհաննիսյանի և ՊԲ սպա  Վարդան Աբրահամյանի  ելույթներում:

Հուշարձանի բացման պատիվը վերապահվեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և Արցախի կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանին:

Տոնական միջոցառումները շարունակվեցին մինչև ուշ երեկո:

Ստեփանակերտի օրվան նվիրված ծրագիրը եզրափակվեց Վերածննդի հրապարակում կայացած տոնական համերգով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար