Սեպտեմբերի 18-ին տոնախմբություն էր Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում: Կոլեկտիվը մայրաքաղաքի ընթերցասեր հասարակության հետ տոնեց գրադարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, մշակույթի ոլորտի գործիչներ, գրադարանի նախկին տնօրեններն ու աշխատակիցները: Օրն արժևորվեց նաև նրանով, որ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, բարերար Էլեոնորա Բալասանյանի միջոցներով, գրադարանում բացվեց էլեկտրոնային գրադարան:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը, ով հանդիսության մասնակիցներին համառոտ ներկայացրեց գրադարանի անցած 50-ամյա ուղին:
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր ողջույնի խոսքում շնորհավորելով գրադարանի կեսդարյա ծնունդը, արժևորեց հոգևոր սնունդ մատուցող այդ օջախի հսկայական դերն ու նշանակությունը` սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու, գրքի հետ նրանց կապն ամրապնդելու գործում: Երկարամյա, անբասիր գործունեության համար նա մի խումբ աշխատակիցների պարգևատրեց պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Հոբելյանի կապակցությամբ ներկաներին շնորհավորանքներ հղեցին նաև մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Լաուրա Հակոբջանյանը, թատերագետ Կարինե Ալավերդյանը և ուրիշներ: Գրականագետ, բանաստեղծ Սոկրատ Խանյանն իր խոսքում ուխտատեղի համարեց հիսնամյա այդ առինքնող օջախը` գրադարանից գիրք վերցնելը համարելով <<ինչպես եկեղեցուց են լույս տանում ճրագալույսի տոնին>> սրբազան արարողություն: Ապա շվիի վրա նրա հոգեթով կատարումներին հետևեցին ուրախ երգն ու արտասանությունները:
Ջերմ էր գրադարանի նախկին տնօրենների կողմից ասված յուրաքանչյուր խոսք, դրանցում կարոտ էր զգացվում գրքերի հարուստ, խորհրդավոր աշխարհի, կոլեկտիվի հին ու նոր անդամների նկատմամբ, որոնց հետ կապված են եղել տարիներ շարունակ:
Տոնական տրամադրությունը համակել էր բոլորին և հանդիսության մասնակիցներից յուրաքանչյուրն իրեն զգում էր հարազատ օջախում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար