ՏՐՎԵՑ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

08.07.2014

Հուլիսի 6-ին  բազմամարդ էր  մայրաքաղաքի Տոնոյանի անունը կրող մանկական զբոսայգին: Այդ օրը շնորհիվ Արցախի բարեկամ ու մեծ բարերար Անդրեյ Ռապապորտի,  դրվեց  նոր մանկական զբոսայգու շինարարության հիմքը:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ բարձրաստիճան այրեր` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր ստեփանակերտցիներ:

Միջոցառումը բացեց Արցախի հեռուստատեսության և ռադիոյի <<Վեստնիկ>> ծրագրի խմբագիր Սեյրան Կարապետյանը, ով ողջունեց բարերարին` նախաձեռնության համար, միաժամանակ  հիշեցնելով ներկաներին` նրա կողմից  <<Արևիկ>> մանկական  հանրապետական  բուժմիավորում  կատարած խոշոր ներդրումների մասին (2008 թվականին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Անդրեյ Ռապապորտը պարգևատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով):

Այնուհետև խոսքը տրվեց  Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ով կարևորեց այդքան կարևոր մտահղացման իրականացումը` ստեփանակերտցիների համար մանկական այգու վերակառուցումը:

<<Շնորհիվ բարի կամքի տեր մարդու, հնարավոր եղավ կառուցման սկիզբը դնել շատ կարևոր օբյեկտի` քաղաքացիների մշակութաժամանցային վայրի,  ինչը կնպաստի բնակիչների, հյուրերի տրամադրության բարձրացմանը, որը նաև բնութագիր է հանդիսանում յուրաքանչյուր քաղաքի մշակութային նկարագրի:Այս նախագիծը արժե կարևորել նաև նրանով, որ այն խորհրդանիշ կլինի ռուս-ղարաբաղյան ընկերության շարունակության>>,- իր խոսքում մասնավորապես ընդգծեց Սուրեն Գրիգորյանը:

Հատկանշական է, որ քաղաքապետարանի որոշմամբ, այսուհետ այգին կկրի Անդրեյ Ռապոպորտի անունը:

Մանկական զբոսայգու շինարարության մեկնարկը խորհրդանշող ուղերձի տեղադրման իրավունքը տրվեց քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և բարերար Անդրեյ Ռապապորտին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար