Ամռան ընթացքում նախատեսված ժամանակացույցով իրականացվելիք աշխատանքների ուղղություններն են ճշգրտվել ու հստակեցվել հունիսի 10-ին` քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուների և նրա ենթակայության տակ գտնվող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունում, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Քաղաքապետը ներկաների ուշադրությունը մասնավորապես հրավիրել է մայրաքաղաքի կենսական նշանակության այն խնդիրների վրա, որոնք հրատապ լուծում են պահանջում: Հաշվի առնելով, որ շուտով կիսվում է տարին ու անհրաժեշտ է հանրագումարել տնտեսական արդյունքները և հաշվետվություններ պատրաստել կիսամյակի ամփոփ ցուցանիշներով, Ս.Գրիգորյանը կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ակտիվացնել բոլոր հարկատեսակների գծով և մատուցված ծառայությունների դիմաց գումարների հավաքագրման գործընթացը և համապատասխան վերահսկողություն իրականացնել սահմանված առաջադրանքների անվերապահ կատարման ուղղությամբ:
Խորհրդակցությունում քննության առնվեցին առաջիկայում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պատվիրակության` Արցախում համատեղ մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական այցի և դրա շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագրի որոշ մանրամասներ, որոնց վերաբերյալ քաղաքապետարանի պատասխանատուները ստացան հանձնարարություններ:
Հանդիպմանը քննարկվեցին կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար