100 մլն դրամ է կազմում մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի հիմնանորոգման ու բարեկարգման ծրագրի իրագործման նպատակով պետբյուջեից հատկացված գումարը, որը նախատեսվում է ամենատարբեր աշխատանքների համար:
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում` Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի համար 10 դպրոց ձգվող ճանապարհը, սելավների ու հեղեղումների պատճառով գրեթե դուրս էր եկել շարքից, ավտոմեքենաների համար դարձել դժվար երթևեկելի: Բնակչության արդարացի բողոքներն ի վերջո <<տեղ հասան>> և իշխանությունները համապատասխան միջոցներ ձեռնարկեցին ավերված փողոցը բարեկարգելու և պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ:
Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Մեքայելյանի տեղեկացմամբ, աշխատանքների իրականացման պատվիրատուն հանդիսանում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը, իսկ կապալառու կազմակերպությունը` <<Քարավան>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ընդ որում, բարեկարգման աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2013-ին: Երկրորդ փուլի մեկնարկը տրվել է գարնան սկզբներին:
Հիմնանորոգվել են ինչպես մայթերն, այնպես էլ` ճանապարհները, հին մաշված եզրաքարերը փոխարինվել են նորերով, առանձնակի ուշադրություն է դարձվում ենթակառուցվածքների, մասնավորապես` կոյուղագծերի կարգավորմանն ու ջրահեռացմանը: Հողային շերտի մաքրման աշխատանքներին անմիջապես հաջորդել է խճապատման գործընթացը, որին կհետևեն ասֆալտապատման և բարեկարգման մյուս աշխատանքները:
Պարոն Միքայելյանի համոզմամբ, մինչև երկու-երեք ամիս, Հեքիմյան փողոցը լիովին կվերափոխվի և միանգամայն բարեկարգ տեսքով կներկայանա ստեփանակերտցիներին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար