ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

12.05.2014

Ծաղկեպսակ է տեղադրվել  նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի անունից

Մայիսի 9-ին Արցախի ժողովուրդն աշխարհի համայն հայության հետ նշեց իր ամենապայծառ ու նվիրական տոներից մեկը` մայիսյան եռատոնը: Նշեց այն            հորդաբուխ, հպարտ ու միասնական, ինչպես 1945-ի մայիսի 9-ին էր, երբ մեր պապերի ու հայրերի հերոսության  և անձնազոհության շնորհիվ շուրջ 7 տասնամյակ առաջ կերտվեց Մեծ հաղթանակը, իսկ 47 տարի  անց, կրկնելով ավագների սխրանքը, համոզիչ հաղթանակ տոնեցին նրանց զավակները` գերությունից ազատագրելով հայոց Շուշին:

Առավոտյան մայրաքաղաք Ստեփանակերտում եռատոնի  սկիզբն ազադարարեցին ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորական շարասյունները, որոնք հաղթական քայլերթով անցան կենտրոնական փողոցներով` ստանալով ժողովրդի օրհնանքը: Մարդիկ ի սրտե շնորհավորում էին միմյանց` տոնի առթիվ, երախտիքի խոսքեր  ուղղում պատերազմի վետերաններին ու հայրենիքի զինվորներին, ծաղիկներով  շտապում Հուշահամալիր` Մեծ հայրենականում և Արցախյան գոյամարտում նահատակված հայորդիների  հիշատակը հարգելու: 

Ժամը 11-ին Վերածննդի հրապարակից  Ստեփանակերտի Հուշահամալիր  ձգվող բազմամարդ երթի մասնակիցներին են միանում  հայկական երկու հանրապետությունների կառավարական պատվիրակությունները, որոնց առաջնորդում են ՀՀ և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը: Նրանց ուղեկցում են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ  Սահակյանը, ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂԳ վարչապետ Արա Հայրապետյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ գեներալներ, բարձրաստիճան սպաներ, Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի վետերաններ, մեծաթիվ հյուրեր Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից, այլ երկրներից:

Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի անունից ծաղկեպսակներ են տեղադրվում հուշարձանի պատվանդանին: Ծաղկեպսակներ տեղադրվեցին նաև Հայաստանի և ԼՂՀ խորհրդարանների ու կառավարությունների, ՊԲ հրամանատարության մի շարք գերատեսչությունների, Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից:

Քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանը մասնակցել է ինչպես բերդաքաղաք Շուշիում, այնպես էլ` մայրաքաղաքում կազմակերպված տոնական միջոցառումներին:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար