<<Մայիս, հաղթանակների ամիս>>. այս խորագիրն է կրում մայրաքաղաքի դպրոցների աշակերտների` ստեղծագործական լավագույն շարադրությունների մրցույթը, որ նվիրված է Մեծ հաղթանակի 69-րդ, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման 22-րդ տարեդարձներին: Արդեն ամփոփվել են մրցույթի արդյունքները և հայտնի դարձել հաղթողների անունները: Եվ սա առիթ էր, որպեսզի Ստեփանակերտի քաղաքապետարանում արժևորվեր դպրոցականների, ինչպես նաև նրանց լեզվի և գրականության ուսուցիչների լավ աշխատանքը:
Ողջունելով ներկաներին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորեց նրանց Մայիսյան եռատոնի և մրցույթում հաղթող ճանաչվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ ուսման մեջ, երջանկություն և խաղաղություն: Նշանակալի իրադարձության կապակցությամբ հյուրերին շնորհավորանքի խոսքեր հղեց նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Գրիգորյանը:
Այնուհետև քաղաքապետ Ս.Գրիգորյանը մրցույթում 1-ին և 2-րդ տեղերը գրաված աշակերտներին պարգևատրեց Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվոգրերով` հանձնելով նրանց նաև հուշանվերներ: Դպրոցականների ստեղծագործական ընդունակություններին նպաստելու համար խրախուսվեցին նաև համապատասխան դպրոցների լեզվի և գրականության ուսուցիչները:
Միջոցառման ավարտին մայրաքաղաքի կրթօջախների լեզվի և գրականության ուսուցիչների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ ԼՂՀ վաստակավոր ուսուցչուհի Անահիտ Պողոսյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար