Հաշված օրեր են մնում Մայիսյան եռատոնին: Եվ մայրաքաղաքը եռանդով նախապատրաստվում է մեր ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող այդ բացառիկ իրադարձությանը:
Ինչպես հայտնի է, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ հաստատված է Հաղթանակի տոնի,ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման ծրագիրը և միջոցառումների համակարգման նպատակով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Դեռ շաբաթներ առաջ են մեկնարկել Ստեփանակերտի հուշահամալիրի, մայրաքաղաքի փողոցների ու բակերի սանիտարական մաքրման, կանաչապատման ու բարեկարգման, ինչպես նաև տոնական ձևավորման աշխատանքները: Ամենուր աչք են շոյում եռատոնը խորհրդանշող պաստառներն ու գովազդային վահանակները, պետական դրոշները, գեղագիտական հաճելի տպավորություն են թողնում ծաղկուն պուրակներն ու սիզամարգերը: Ասել է թե` Ստեփանակերտն օրեցօր ավելի է գեղեցկանում ու տոնական տեսք ստանում:
Տոնի նախաշեմին մայրաքաղաքում միաժամանակ արդյունավետ աշխատանքներ են իրականացվում բնակչության անվտանգության երթևեկությունն ապահովելու ուղղությամբ: Այդ նպատակով տարբեր փողոցներում կատարվել են շուրջ 4130 քառ.մետր հորիզոնական գծանշումներ, տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ: Քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի տեղեկացմամբ, մինչև մայիսի 7-ը ավարտին կհասցվեն նաև Ստեփանակերտի արտաքին լուսավորման բարելավմանը միտված աշխատանքները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար