ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

23.04.2014

Ավարտվեցին 2013-2014 ուս.տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերը: Օլիմպիադայի անցկացումը նպատակ ուներ վերհանել հանրակրթական առարկաների նկատմամբ հատուկ կարողություններ ունեցող տաղանդավոր և շնորհալի սովորողներին, ինչպես նաև աշակերտների շրջանում գիտության հիմունքների ուսումնասիրման նկատմամբ հետաքրքրություն առաջացնել:

Առարկայական օլիմպիադաներ անց են կացվել 13 առարկայից` հայոց լեզու, հայ  գրականություն, ռուսաց լեզու, օտար լեզու /անգլերեն/, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, հայոց եկեղեցու պատմություն /ՀԵՊ/, նախնական զինվորական պատրաստություն /վերջին երկու առարկաներից արդեն երկրորդ տարին է, ինչ օլիմպիադա է անցկացվում/:

Օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցած մայրաքաղաքի հ.հ. 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10 հիմնական, հ. 3 միջնակարգ, հ. 8 և հ. 11 ավագ դպրոցների, ֆիզմաթ դպրոցի և ռազմամարզական վարժարանի 335 դպրոցականներից 100-ը գրավել են մրցանակային տեղեր և ցուցաբերել ակտիվ մասնակցություն, որը կազմում է մասնակիցների 29.8%-ը /նախորդ ուս.տրում 28.7%/: Մասնակիցներից 59-ը /17.6%, նախորդ ուս.տարում 16.6%/ գրավել են մրցանակային 1-3-րդ տեղերը, որից 1-ին տեղ  գրավել են 6 աշակերտ` 4 առարկայից, 2-րդ տեղ` 20 աշակերտ` 9 առարկայից, 3-րդ տեղ` 33 աշակերտ` 9 առարկայից:

<<Վերլուծությունից երևում է, որ դպրոցները քաղաքային փուլին հայտ ներկայացնելիս ավելի շատ տեղ են տվել մասնակիցների քանակական կողմին` անտեսելով որակականը, - նկատում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը: - Հետևությունը թողնում ենք դպրոցների վերոնշյալ առարկաների ուսուցիչներին և հուսով ենք, որ գալիք ուս.տարվա համար քաղաքային փուլին կներկայացնեն այն աշակերտներին, որոնցից բարձր միավորների ակնկալիքներ կունենան>>:

Մայրաքաղաքի դպրոցականները ակտիվորեն են հանդես եկել նաև օլիմպիադայի հանրապետական փուլին, որին մասնակցած 107 մասնակցից մրցանակային տեղ են գրավել 27 աշակերտ, ակտիվ մասնակցություն ցուցաբերել 34 աշակերտ:

Երևանում արդեն մեկնարկել է օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որը կտևի մինչև մայիսի 8-ը: ՀՀ եզրափակիչ փուլին մայրաքաղաքի դպրոցներից մասնակցելու իրավունք է վերապահվել 27 աշակերտի` 8 առարկայից:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար