ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

17.04.2014

  ԱՃԵԼ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Մեկ տասնյակից ավելի հարցեր էին ներառված ապրիլի 17-ին կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստի օրակարգում, որ վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Համայնքի 2014թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հաղորդմամբ հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Համաձայն հաղորդագրության, քաղաքային համայնքի 2014թվականի 1-ին եռամսյակի ընդհանուր մուտքերը կազմել են 177097.9 հազ.դրամ: Ըստ որում, մուտքերի 44.2%-ը կազմել են սեփական եկամուտները: Պլանավորված 70272.4 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 78337.9 հազ.դրամ կամ նախատեսված պլանը կատարվել է 111.5%-ով: Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 17441.4 հազ.դրամ իսկ հողի հարկից գանձվող մուտքերը` 1498.6 հազ.դրամ: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 29768.7 հազ.դրամի գույքահարկ: Այսինքն կատարողականը կազմել է 131.7 %: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 16450.3 հազ.դրամ, որը կազմում է նախատեսված 10030.0 հազ.դրամի 164.0%-ը:

Պետական տուրքերի գծով պլանավորված 3485.0-ի դրմաց մուտքագրվել է 3416.7 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 98.0 %: Հողերի վարձակալության մասով համայնքային բյուջեի եկամուտները կազմել են 2028.3, գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները նույնպես զգալիորեն աճել են` կազմելով 186.9%կամ նախատեսված 850.0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 1588.5 հազ.դրամ:  Հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը կազմել են 1053.8 հազ.դրամ /կատարողականը կազմել է 147.6 %/:

Անդրադառնալով 2014թ. առաջին եռամսյակի արդյունքներին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դրական որակեց վարձավճարների հավաքագրման աճի միտումը: Այն իրողությունը, որ սեփական եկամուտները նախատեսվածից զգալիորեն գերազանցվել են, ինչպես նաև շոշափելի աճ է արձանագրվել մյուս հարկատեսակների ապահովման մասով, վկայում է քաղաքապետարանի համապատասխան բաժինների արդյունավետ աշխատանքի մասին: Սակայն, ինչպես ընդգծեց քաղաքապետը, ձեռքբերումները երբեք չպիտի <<ինքնահանգստացման հիմք հանդիսանան>> ու պետք է անհրաժեշտ հնարավորություններն օգտագործել բոլոր հարկատեսակների գծով լիարժեք հավաքագրում ապահովելու համար:

Քննարկումների արդյունքում Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին ի գիտություն ընդունեց 2014թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հաղորդագրությունը:

Ավագանին ուժը կորցրած ճանաչեց քաղաքային համայնքի ավագանու 2007թ. մայիսի 29-ի ընդունած <<Քաղաքի օր սահմանելու մասին>> որոշումը: Հաշվի առնելով համաքաղաքացիների առաջարկությունները, որոշվեց Ստեփանակերտ քաղաքի օրն այսուհետ նշել սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը:

Քաղաքային համայնքի ավագանին իր համաձայնությունը տվեց մի խումբ քաղաքացիների վարձակալության և սեփականության իրավունքով /պահեստ օգտագործելու նպատակով/ ոչ բնակելի տարածքներ տրամադրելու վերաբերյալ որոշումների նախագծերին: Որոշումներ կայացվեցին նաև համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք շենքերի առանձին բնակարաններ նվիրատվության կարգով օտարելու մասին:

Մայրաքաղաքում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի շրջանակներում` կանաչ տարածքներն ընդլայնելու, ծաղկի սածիլներ և ծաղկամաններ ձեռք բերելու նպատակով, ավագանին որոշեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2014թ. բյուջեից` <<պահուստային ֆոնդ>> հոդվածով նախատեսված միջոցներից <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերությանը հատկացնել 5 մլն դրամ:

Նիստի վերջում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու անդամներին կոչ արեց իրենց ակտիվ մասնակցությունը բերել ապրիլի 19-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար