ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻ

03.04.2014

Ինչպես հայտնի է, ԼՂՀ վարչապետի որոշմամբ ապրիլի 7-ից մայիսի 9-ը հանրապետության տարածքում անցկկացվի ծառատնկման, բարեկարգման և սանիտարական մաքրման միամսյակ: Նման որոշում կայացրել է և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` ստեղծելով աշխատանքների նախապատրաստման և անցկացման հանձնաժողով, ինչպես նաև հաստատել միամսյակի կազմակերպման միջոցառումների ծրագիրը:

Հիշյալ գործընթացի արդյունավետ համակարգմանն ու միջոցառումների ծրագրի հստակեցմանն էր միտված քաղաքային համայնքի ավագանու անդամների, քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուների և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 3-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր քաղաքապետ, ծառատնկման, բարեկարգման և սանիտարական մաքրման միամսյակի աշխատանքների նախպապատրաստման և անցկացման հանձնաժողովի նախագահ Սուրեն Գրիգորյանը:

Հրավիրվածների թվում էր և ԼՂՀ քաղաքաշինության փոխնախարար, հանձնաժողովի նախագահի տեղակալ Վազգեն Աբրահամյանը:

Քաղաքապետը կարևորելով արդեն ավանդական դարձած միջոցառման նշանակությունը` մայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնման, բարեկարգման աշխատանքների արդյունավետության բարձրացման և սանիտարական պատշաճ մաքրության պահպանման գործում, ներկաներին կոչ արեց միասնաբար, մեծ ու փոքրով մասնակցել միամսյակին և մասնավորապես անձնական ակտիվություն ցուցաբերել ապրիլի 19-ին ծրագրված համաքաղաքային շաբաթօրյակին: Ս.Գրիգորյանի խոսքով, <<Յուրաքանչյուր ստեփանակերտցի պիտի գիտակցի, որ քաղաքն իր հարազատ օջախն է համարվում և այն սկսվում է սեփական տան մուտքից, բակից, փողոցից>> ու սրտացավ վերաբերմունք  ցուցաբերի նրա նկատմամբ: Քաղաքապետը  համոզմունք հայտնեց, որ քաղաքի բնակիչներն ըմբռնումով կմոտենան խնդրին և  բոլորանվեր աշխատանքով կնպաստեն կանաչապատմանը, սանիտարական պատշաճ մաքրություն կապահովեն ոչ միայն Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում, բակերում ու հասարակական վայրերում, այլև`  ծայրամասերում:

Ծառատունկը և սանիտարական մաքրությունը համակարգված կազմակերպելու նպատակով, քաղաքապետը համապատասխան հանձնարարականներ տվեց Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>  ընկերության  և  <<Սանմաքրում>> կազմակերպության ղեկավարներին, խորհրդակցության մասնակից մյուս կառույցների պատասխանատուներին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար