Բարեկարգման աշխատանքները նոր թափ կստանան

26.01.2012

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բակերի և ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման, տանիքների կապիտալ վերանորոգման համապարփակ ծրագրի իրագործումը 2012թ.-ին կմնա քաղաքապետարանի առաջնահերթ լուծում  պահանջող խնդիրների շարքում: Հարցի համալիր լուծման անհրաժեշտությունը կարևորվել է  նաև վերջերս ԼՂՀ Նախագահի մոտ` կառավարության ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի, պաշտոնատար այլ անձանց և իրավասու գերատեսչությունների ու կառույցների պատասխանատուների մասնակցությամբ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի տեղեկատվության համաձայն, նոր տարում մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բակերի և ընդհանուր օգտագործման տարածքների, տանիքների կապիտալ վերանորոգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները կընդլայնվեն` ինչպես ծավալային, այնպես էլ այդ նպատակով նախատեսվող գումարների ծախսման առումով: Ծրագրում մասնավորապես կներառվեն Ստեփանակերտի կոյուղու ցանցի կոլեկտորների կառուցումը, Մելիք Փաշաև թաղամասի, Վաղարշյան և Սպանդարյան փողոցների բարեկարգումը, բազմաբնակարան մի շարք շենքերի, բակերի և տանիքների կապիտալ վերանորոգումը, զոհված ազատամարտիկների տների վերանորոգումը և այլն:

Ըստ նախնական հաշվարկների, շուրջ 1 մլրդ 800մլն դրամ կպահանջվի նախանշված ծրագրերն ավարտին հասցնելու համար: