<<Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հոգատար և
ուշադիր լինել հարազատ քաղաքի` մեր ընդհանուր տան նկատմամբ>>
Ստեփանակերտի քաղաքապետարանի 2013թ. գործունեությանը և մայրաքաղաքի բնակչության առջև ծառացած խնդիրներին էր առնչվում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հաշվետվությունը, որին գործադիր իշխանության մի խումբ պատասխանատուների ուղեկցությամբ նաև ներկա էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Քաղաքապետը մանրակրկիտ անդրադառնալով հաշվետու ժամանակաշրջանում բաժինների և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների ու կառույցների կողմից իրականացված աշխատանքներին, ընդգծել է, որ 2013-ի գործունեության համար հիմք են հանդիսացել ԼՂՀ նախագահի նախընտրական և ԼՂՀ կառավարության գործունեության ծրագրերը, ընդ որում, <<ձեռնարկվող քայլերն ուղղված են եղել մայրաքաղաքի բնակչության բարեկեցության բարելավմանը և համայնքի սեփականության տնօրինմանը>>:
Հաշվետվության մեջ, քաղաքապետ Ս.Գրիգորյանն, ըստ առաջնահերթության, անդրադարձ է կատարել քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական գործունեությանը, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, տրանսպորտի, կապի, աշխատանքի և սոցիալական ծառայության, առևտրի ոլորտներում, հասարակական կարգի պահպանության ,պաշտպանության, կրթության և մշակույթի, սպորտի բնագավառում իրականացված աշխատանքներին, խոսել այն ձեռքբերումների մասին, որոնք վճռորոշ դեր են ունեցել Ստեփանակերտի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու գործում: Քաղաքապետի բնութագրմամբ, ելնելով քաղաքային տնտեսության և բնակչության առջև ծառացած տնտեսական և սոցիալ-կենցաղային խնդիրներից, 2013թ. Ստեփանակերտ քաղաքում պետական, համայնքային և բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված կապիտալ ներդրումների ծրագրերի հիմնական ուղղություններ են հանդիսացել. բնակարանաշինարարությունը և դպրոցաշինարարությունը, հասարակական և առողջապահական նշանակության օբյեկտների շինարարությունը և կապիտալ վերանորոգումը, քաղաքի ենթակառուցվածքների, այդ թվում` ջրամատակարարման ցանցի կառուցումը և ձևավորումը, փողոցների /մասնավորապես ծայրամասային փողոցների/ կապիտալ վերանորոգումը, զբոսայգիների և պուրակների հիմնանորոգումն ու բարեկարգումը, քաղաքի սանիտարական վիճակի բարելավումը, հրետակոծությունից տուժած և սոցիալապես անապահով խավերի տների ու բնակարանների վերանորոգումը, քաղաքի ճարտարապետական տեսքի բարելավումը և կանաչապատումը, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը և խաղահրապարակների կառուցումը և այլն:
Միայն 2013թ. բոլոր ուղղություններով իրականացված կապիտալ շինարարության ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.500.0 հազ.դրամ, - նշեց Ս.Գրիգորյանը:-Այս ներդրումները լուրջ խթան են հանդիսացել մայրաքաղաքի տնտեսության առաջընթացի համար, որի շնորհիվ մի շարք ուղղություններում, այդ թվում` սոցիալական ոլորտում, ամրագրվել են շոշափելի հաջողություններ: Դրական արդյունքներ են արձանագրվել քաղաքային տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում, որոնք խոսում են քաղաքի զարգացման տեմպերի, բնակչության առաջ ծառացած հիմնախնդիրների շուրջ` երկրի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության մասին>>:
Քաղաքապետը հաշվետվության մեջ կարևորել է Ստեփանակերտի և Երևանի միջև տարեցտարի սերտացողհամագործակցությունը, ինչը ներառում է ամենատարբեր ուղղություններ: Երևանի քաղաքապետարանն ակտիվաջակցություն է ցուցաբերում քաղաքային տնտեսությանը` կառավարման ոլորտում, ինչպես նաև իր հարուստ փորձն է հաղորդում քաղաքապետարանի բաժիններին` գործառույթների կատարելագործման, տեղեկատվական օգնություն է ցուցաբերել եկամուտների հաշվառման և հավաքագրման մասով` հարկային դաշտի ուսումնասիրման, մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու, գույքայինհարկերի հաշվառման բազաներում աշխատանքների պարզեցման, հողի և գույքի վարձակալության վարձավճարների տվյալների բազա ստեղծելու, վարձակալության վարձավճարների հաշվառման տեղեկատվական համակարգի ապահովման և թեստավորման ուղղությամբ: Արդյունավետ փոխգործակցություն է ապահովվել վերահսկողական ծառայության, համայնքային գույքի կառավարման, զարգացման ծրագրերի, ճարտարապետության և քաղաքաշինության, իրավաբանական բաժինների միջև: Արգասաբեր պետք է որակել Երևանի քաղաքապետարանի<<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնիև<<Շտապ բուժօգնություն>> ընկերության կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատություններին ցուցաբերած բուժօգնությունը, ինչը շարունակական բնույթ կկրի:
Համագործակցության շրջանակներում պատվիրակությունների կողմից թվով 8 փոխայցելություն է կատարվել: Երևանի քաղաքապետարանը Ստեփանակերտի քաղաքապետարանին է նվիրել թվով 130 նստարաններ, տեղեկատվական շտեմարան ծրագրով համալրված ժամանակակից համակարգիչներ: Առավել հատկանշական է այն հանգամանքը, որԵրևանի քաղաքապետ պարոն Մարգարյանի ձեռնարկմամբ այս տարվա գարնանը Ստեփանակերտում կմեկնարկեն <<Ազատամարտիկների այգու>> հիմնադրման աշխատանքները: Հանգստի գոտին, որ կամբողջանա ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, յուրահատուկ նվեր կհանդիսանա ստեփանակերտցիների համար և կխորհրդանշի Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը>>,- նշեց Ս.Գրիգորյանը:
Ամփոփելով խոսքը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ԼՂՀ Նախագահին հավաստիացրել է, որ 2014 թվականին կշարունակվի քաղաքապետարանի կողմից որդեգրված քաղաքականությունը և վճռական քայլեր կձեռնարկվեն բնակչության սոցիալական կենսամակարդակի բարելավման, քաղաքի առաջնահերթ խնդիրների լուծման, Ստեփանակերտի դինամիկ զարգացման ուղղությամբ, կարվի հնարավոր ամեն ինչ` Արցախի մայրաքաղաքն առավել բարեկարգ և գեղեցիկ դարձնելու համար:
Հանդիպմանը հանդես գալով ելույթով, ԼՂՀ Նախագահը դրական գնահատելով քաղաքապետարանի 2013թ. գործունեությունը, ըստ ուղղությունների անդրադարձել է ամենատարբեր ոլորտներում` բաժինների և համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից իրականացվող աշխատանքներին, մատնանշել այն առաջնահերթ խնդիրները, որոնք լուծում պետք է գտնեն ընթացիկ տարում և կենսապայմանների բարելավման տեսանկյունից էական փոփոխություններ արձանագրեն ստեփանակերտցիների առօրյա կյանքում և նրանց կենցաղում, նպաստեն մայրաքաղաքի սանիտարական մաքրության և կանաչ գոտիների ընդլայնմանը, կառուցապատմանն ու բարեկարգմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, նրա ճարտարապետական դեմքի անխաթար պահպանմանը: <<Մեզնից յուրաքանչյուրը պետք է ձգտի ու պարտովոր է ուշադիր և հոգատար լինել ինչպես իր տան, իր բնակարանի, այնպես էլ հարազատ քաղաքի նկատմամբ, չմոռանալով որ այն բոլորիս տունն է, մեր հպարտությունը>>, - հավելեց Բ.Սահակյանը:
Երկրի ղեկավարը հաշվետվության քննարկման ժամանակ, որ տևել է շուրջ 3 ժամ, քաղաքապետարանի բաժինների պետերի , նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է սկզբունքային նշանակություն ունեցող տարաբնույթ հարցերի վրա, ընդգծել է ջրամատակարարման և ջրահեռացման, բնակարանաշինության և դպրոցաշինության որակի ապահովման, քաղաքի կառուցապատման պահանջների անվերապահ կատարման անհրաժեշտությունը: Նախագահի առաջարկությամբ ոլորտների պատասխանատուները, ինչպես նաև իրեն ուղեկցող գերատեսչությունների ղեկավարները պատասխանել են հասարակական հնչելություն ունեցող մի շարք հարցերի, հանդես եկել պարզաբանումներով:
Հանդիպմանը, որը բավականին գործնական էր և քննարկումներն ընթանում էին շահագրգիռ ու անկաշկանդ մթնոլորտում, մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար