ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

13.12.2013

2013 թվականը մոտենում է եզրագծին, որին կրնկակոխ հետևում է Նոր տարին: Իսկ տարեմուտին, տոնական տրամադրության հետ, նաև նոր խնդիրներ, անելիքներ են ուրվագծվում, որոնց իրագործումը անխուսափելի է, և գործընթացներին արագ թափ պիտի հաղորդվի: Դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, մայրաքաղաքի կենսաապահովմանն առնչվող հարցերի լայն շրջանակ էր ներառված:

Խորհրդակցությանը, քաղաքապետարանի պատասխանատուներից բացի, ներկա էին նաև քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ներկայացուցիչներ:

Առաջնահերթությունների թվում, հանդիպմանն անդրադարձ եղավ տնտեսական տարվա եզրափակման, պետբյուջեի, հարկային պարտավորությունների կատարման հետ կապված գործընթացներին, որոնց վերաբերյալ բաժինների պետերն ու համապատասխան կառույցների ղեկավարները ներկայացրին տեղեկություններ:

Խորհրդակցությունում, բնականաբար, չվրիպեցին սանիտարական մաքրության, մասնավորապես` մայրաքաղաքի փողոցներն ու մայթերը  տեղացած առատ ձյան շերտերից ազատման, քաղաքային տրանսպորտի անխափան երթևեկության ապահովման հարցերը:

Քաղաքապետ Ս.Գրիգորյանը, կարևորելով Նոր տարվա համաքաղաքային տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը, մի շարք կազմակերպությունների ղեկավարների հանձնարարություններ տվեց: Քաղաքապետի խոսքով, մինչև դեկտեմբերի 15-ը պիտի ավարտին հասցվեն մայրաքաղաքի Ամանորի ձևավորման, այդ թվում` փողոցների և հրապարակների գունային լուսավորման ու տոնածառի զարդարման աշխատանքները: Նա ավելորդ չհամարեց հիշեցնել, որ մշակութային միջոցառումների շրջանակը անհրաժեշտ է ընդլայնել և մասնակից անել առավել մեծ թվով երեխաների ու երիտասարդների: 

Ս.Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ դեկտեմբերի 17-ին վառելով մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում տեղադրված հանրապետության համար 1 տոնածառի գունեղ լույսերը, դրանով իսկ կտրվի Ամանորի տոնական միջոցառումների հաջող մեկնարկը:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար