ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՈՒՐ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ
Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրը, որը ոչ միայն կենսական, այլև ռազմավարական նշանակություն ունի, շարունակում է առաջնահերթությունների շարքում մնալ ինչպես երկրի, այնպես էլ` քաղաքային իշխանությունների կողմից:
Ըստ Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի, ով անմիջականորեն համակարգում և վերահսկում է մայրաքաղաքի բնակչությանը շուրջօրյա ջրապահովման ծրագրի իրագործմանը միտված աշխատանքները, արդեն թվով 10 գոտիներում հիմնահարցը լիարժեք լուծում է ստացել և մարդիկ բնակարաններում մշտական ջուր ունեն: Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում ևս երկու գոտիներում ջրամատակարարման հետ կապված խնդիրներին վերջնական լուծում տալու ուղղությամբ: Փոխքաղաքապետի խոսքով, մասնավորապես Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի հարևանությամբ կառուցվող նոր ՕԿՋ-ի շինարարությունն ավարտին հասցնելուց հետո հնարավորություն կընձեռնվի խմելու ջրով մշտապես ապահովել նաև նորակառույց <<Արցախ>> և Աջափնյակ թաղամասերի բնակչությանը: Այլ կերպ ասած, շուտով շուրջօրյա ջուր կունենան ևս երկու գոտիներում բնակվող համաքաղաքացիները: Հատկանշական է, որ իրականցվող աշխատանքներին կհաջորդի մեկ այլ կարևոր ծրագիր: Այն իր մեջ ներառում է կոյուղու գծերի հիմնանորոգմանը և ընդհանրապես համակարգի բարելավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Մայրաքաղաքի ջրամատակարարման խնդրի ավարտական փուլը նախանշվում է 2014-ին:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար