Ստեփանակերտի ավանդական օրվա և անվանակոչման 90-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 11-12-ը մայրաքաղաքում կայանալիք հանդիսությունների և տոնական միջոցառումների հետ կապված հարցերն են հիմնականում քննարկվել այսօր քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի մասնակցում էին նաև նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներն ու տոնակատարության կազմակերպման և համակարգման հանձնաժողովի անդամներ, ճշգրտվեցին նախապատրաստական վերջին աշխատանքների ուղղությունները, քաղաքապետի կողմից տրվեցին հանձնարարություններ:
Աշխատանքային խորհրդակցությունում արծարծվեցին նաև քաղաքի բնակչության կենսապահովմանն առնչվող մի շարք հարցեր: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը մասնավորապես ընդգծեց ձմռան ժամանակաշրջանում մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների, կրթօջախների, կենսական նշանակության օբյեկտների ջեռուցման պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ եղավ և տնտեսական տարին առանց պարտքերի եզրափակելու մասին: Այդ համատեքստում, որպես պարտադիր պահանջ, Սուրեն Գրիգորյանն ավելորդ չհամարեց հիշեցնել, որ ֆինանսական միջոցները պիտի օգտագործվեն խնայողակաբար և ծախսերի մասով լիովին բացառվեն շռայլումները:
Ստեփանակերտի քաղաքապետի
մամուլի քարտուղար