ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

04.06.2013

Երևանի  քաղաքապետարանում  ավանդույթ է դարձել  ամեն տարի  ՀՀ անկախության օրվա` մայիսի 28-ի կապակցությամբ մարզաառողջարարական հետիոտն  ճանապարհական արշավ կազմակերպել Հայաստանի տարբեր մարզեր ու համատեղ անցկացնել մարզամշակութային տարբեր միջոցառումներ:

Այս տարի Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բարեկամության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում նման արշավ ձեռնարկվեց  Արցախի <<երթուղիներով>>: Արշավը, որին մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի շուրջ 100 և Ստեփանակերտի քաղաքապետարանի  ավելի քան երկու տասնյակ աշխատակիցներ, այդ թվում` նաև տուրիզմի վետերաններ, միջոցառումների բազմազանությամբ բավականին հագեցած էր ու ավելի նպաստեց  անմիջական շփումների և կապերի, հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև համագործակցության սերտացմանը: Այցի շրջանակներում արշավախմբի ղեկավարներին ընդունեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Մարզաառողջարարական արշավի  կազմակերպմանն ակտիվորեն աջակցելու և ցուցաբերած ջերմ ընդունելության համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալական նամակ է հղել Ստեփանակերտի իր գործընկերոջը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ուր մասնավորապես ասվում է. <<Արշավը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին խորապես ծանոթանալու Արցախ աշխարհի պատմությանը և տեսարժան վայրերին: Վստահ եմ , որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն և հնարավորություն կընձեռեն ավելի խորացնելու և ամրապնդելու մեր երկու մայրաքաղաքների միջև բարեկամական  կապերը:

Օգտվելով առիթից  Ձեզ և Ստեփանակերտի բոլոր բնակիչներին ցանկանում եմ խաղաղություն և բարեկեցություն>>,- ասվում է նամակում:   

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար