Սիրելի շրջանավարտներ
Շնորհավորում եմ վերջին զանգի կապակցությամբ, որը հնչում է որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող ղողանջ:
Բնական է այն հուզմունքը, որ այս պահին ապրում եք դուք` հրաժեշտ տալով հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Սակայն դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ խորհուրդ ևս: Այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ունակություններն ու կարողություններն ի սպաս դնելու մեր երիտասարդ, անկախ երկրի շենացմանն ու բարգավաճմանը, մեր ստեղծարար, հերոսական ժողովրդի իղձերի ու նպատակների իրագործմանը:
Այսօր դուք գտնվում եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին: Ու ճանապարհներն ուր էլ որ ձեզ տանելու լինեն, ցանկանում եմ, որպեսզի այն անցնեք առանց ցնցումների, հաստատուն, վստահ քայլերով, դպրոցում ձեռք բերած գիտելիքները կարողանաք հետզհետե ավելի ամրապնդել և դուրս գալ նոր ուղեծիր:
Ուսումնառության մի նոր փուլ է սկսվում իններորդցիներ, ձեզ համար: Դուք կանգնած եք ուսումն ավագ դպրոցներում կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում շարունակելու ընտրության առաջ: Ինչպիսի մասնագիտություն էլ որ ընտրելու լինեք, միշտ հիշեք, որ ձեզնով ապրում, հպարտանում են ձեր ծնողներն ու ուսուցիչները, և դուք պարտավորված եք անպայմանորեն արդարացնել նրանց սպասումներն ու ակնկալիքները:
Սիրելի շրջանավարտներ
Վերջին զանգի առիթով մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, նոր ձեռքբերումներ` առօրյա կյանքում, ուսման մեջ, նախընտրած բնագավառում:
Թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու ցանկությունները, ու արևի պայծառ, կենարար շողերն ընդմիշտ ուղեկցեն ձեզ:
Բարի երթ, սիրելի շրջանավարտներ:
ք.Ստեփանակերտ
24-ին մայիսի, 2013թ.