Շուտով ամառն իր իրավունքների մեջ կմտնի: Ինչ նոր խնդիրներ ու անելիքներ են ծառացած քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների առաջ: Արդյոք, բոլոր ընկերություններն են կատարել հարկային իրենց պարտականությունները, թե <<շարունակում են նոր պարտքեր կուտակել>>:
Այս և կազմակերպչական բնույթի այլ հարցեր էին մայիսի 20-ին քաղաքապետարանի պատասխանատուների և նրա ենթակայությամբ գործող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ներկաների ուշադրությունը հրավիրելով քննարկվող առաջնահերթ խնդրին, պարոն Գրիգորյանը վերստին շեշտեց, որ կազմակերպությունները ժամանակին պետք է կատարեն պետության հանդեպ ունեցած բոլոր, այդ թվում` հարկային պարտավորությունները, և կասկածի տակ չառնեն իրենց նկատմամբ վստահությունը: Քանի որ <<Բնակշահագործման տնտեսությունը>>, հարկային մասով դեռ չի հասցրել մարել 2.5 մլն.դրամի պարտքը, քաղաքապետն ընկերության ղեկավարությանը հանձնարարեց տասնօրյա ժամկետում հարցին վերջնական լուծում տալ:
Խորհրդակցությունում անդրադարձ եղավ նաև հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքում ձեռնարկվող միջոցառումների ծրագրերին` դպրոցականների ամառային հանգստի, դպրոցական շենքերի ընթացիկ նորոգման արդյունավետ կազմակերպմանը: Արծարծվեցին նաև Ստեփանակերտի կենսագործունեության համակարգմանն առնվող այլ հարցեր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար