07.05.2013   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Սիրելի Տարոն Անդրանիկի

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի, բոլոր ստեփանակերտցիների, անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Երևանի ավագանու ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:

Մենք ուշադրությամբ հետևում էինք ինչպես քարոզարշավի, այնպես  էլ ընտրությունների ընթացքին, ու ավելի էինք համոզվում այն ճշմարտության մեջ, որ երևանցիները մարտականորեն են տրամադրված, և մտահոգված լինելով մայրաքաղաքի հետագա ճակատագրով, առանձնակի կարևորություն են տալիս մրցապայքարին: Իսկ, ինչպես ակնհայտ դարձավ ընտրությունների արդյունքներից, քաղաքական մյուս ուժերի նկատմամբ բացառիկ առավելության հասավ այն կառավարող թիմը, որին վստահում է Երևանի բնակչության մեծամասնությանը և առաջիկա տարիներին ցանկանում է վերստին նրան տեսնել որպես ղեկավարող ուժ: Դա նաև այն իրողության վկայությունն է, որ երևանցիները հավատում են Ձեր խոստմանը ու լիահույս են, որ Ձեր ղեկավարությամբ հետևողականորեն իրագործվելու են նախընտրական ծրագրում ներառված բնակչության հիմնախնդիրները, որոնց քաջածանոթ եք, և Երևանի վաղվա օրը լինելու է ավելի հագեցած ու պայծառ, գեղեցիկ ու  խոստումնալից: Ասել է թե` տեղական ինքնակառավարման համակարգում ունեցած Ձեր փորձն ու գիտելիքները նույնպես կնպաստեն երևանցիների սպասելիքների և ակնկալիքների իրականացմանը:

Թանկագին Տարոն Անդրանիկի

Ուրախ եմ, որ գալիք տարիներին հնարավորություն կընձեռվի էլ ավելի ամրապնդել Ձեր կողմից` Երևանի և Ստեփանակերտի միջև հիմք դրած բարեկամության և համագործակցության համաձայնագիրը ու արդյունքում նորանոր մտահղացումներ և գաղափարներ կիրագործվեն: Վերստին ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, որ Երևանի պատմությունը կետրվելու է լուսավոր նոր գործերով և մենք, իրոք, բոլորիս համայն հայության մայրաքաղաք երազած Երևանն ենք ունենալու:

 

Խորին հարգանքով`

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ստեփանակերտի քաղաքապետ