Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.16  դրամ
EUR   526.54  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.03.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ: Տոն, որ զուգադիպում է գարնան զարթոնքի հետ և հնարավորություն ընձեռնում ևս մեկ անգամ արժևորել ու գնահատել ձեր վաստակը, նվիրումն ու մարդկային բարությունը, հոգու վեհությունն ու գեղեցկությունը: Ու պատահական չէ, որ այն, որպես հիշարժան օր, ամրագրված է մեր տոնացույցում և խոր հարգանքով են վերաբերվում այդ երևույթին:

Անգնահատելի է ձեր դերը երկրի համար ֆիզիկապես առողջ, բազմակողմանի զարգացած սերունդ դաստիարակելու գործում: Ձեր անսահման սիրո ու քնքշանքի, անսասան կամքի ու զորեղ հավատքի շնորհիվ էր նաև, որ արցախյան շարժման տարիներին համախմբվեցինք ու հետևողականորեն շարունակեցինք մեր պայքարը: Մեր ժողովրդի համար օրհասական պահերին միասնության կոչով մարտի նետվեց ձեր կողմից սնած ու դաստիարակված հայ զինվորը, ու դաժան պատերազմում ծնկի բերելով թշնամուն, աշխարհին ապացուցեցինք Արցախի անպարտելիությունն ու հավերժությունը: Ցավոք, հաղթանակը ձեռք բերվեց զոհողությունների, մեր զավակների արյան գնով, ինչի համար, խոնորհվելով նրանց պայծառ հիշատակի առաջ, իմ խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել ձեզ, որդեկորույս մայրեր…

Այսօր էլ դուք ձեր ուսերին մեծ բեռ եք կրում` տղամարդկանց հետ հավասարապես մասնակցելով պատերազմի հետևանքով տուժած տնտեսության վերականգնմանը, մայրաքաղաքի կենսական խնդիրների լուծմանը: Ակտիվորեն ներգրավվելով խաղաղ շինարարությանը, անում եք հնարավորը քաղաքն առավել գեղեցիկ և հրապուրիչ դարձնելու, հարուստ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Հատկապես անուրանալի է սոցիալական ոլորտում, կրթության և մշակույթի, առողջապահության բնագավառներում կատարած ձեր բոլորանվեր աշխատանքը, որն ուղղված է մատաղ սերնդի կրթմանն ու դաստիարակմանը, բնակչության առողջության պահպանմանն ու հոգևոր արժեքների կերտմանը: Քաղաքային իշխանություններն այսուհետև ևս իրենցից կախված ամեն ինչ կանեն կանանց հոգսերը թեթևացնելու, զբաղվածության խնդրին առավել մեծ ուշադրություն դարձնելու համար, լայնորեն կաջակցեն սոցիալապես անապահով ընտանիքներին:

Թանկագին կանայք

Կրկին շնորհավորելով ավանդական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղություն ու երջանկություն: Սեր, համերաշխություն ու ամենայն բարիք ձեր ընտանիքներին: