25.01.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ

Գլխավորապես համայնքի 2013թ. բյուջեի նախագիծն ու 2012թ. բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն էին ընդգրկված հունվարի 26-ին կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու` նոր տարվա անդրանիկ նիստում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

            Օրակարգում ներառված հարցերի շուրջ զեկուցումով և պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ հաշվետվության, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2012թ. տարեկան բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 1 մլրդ 52 մլն դրամ /այն կազմում է պլանավորված գումարի 94.9 %-ը/: Ընդհանուր մուտքերի 35.3 %-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 358 մլն. 825 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 371 մլն 660 հազ.դրամ: Այսինքն` կատարողականը` կազմել է 103.6%: Նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտներն աճել են  ավելի քան 46 միլիոնով կամ 14.2 %-ով: Ընդ որում, սեփական եկամուտների 66.1 %-ը կազմել են հարկային եկամուտները, որոնց գծով նախատեսված 213 մլն 490 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 245 մլն 631 հազ.դրամ /կատարողականը կազմել է 115.1 %/: Նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտներն աճել են 63 մլն 465 հազ.դրամի չափով կամ 34.8 %-ով:

Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 97 մլն դրամ, որը կազմում է նախատեսվածի 94.8 %-ը: Հողի հարկից գանձվող մուտքերը կազմել են 11 մլն 525 հազ.դրամ /պլանավորվածի 109.8 %-ը/: 2012թ. տարեկան բյուջեի կատարման ընթացքում գույքահարկ փոխադրամիջոցներից մուտքագրվել է 126 մլն 87 հազ.դրամ, որը կազմում է նախատեսվածի 130.8 %-ը: 2012թ. տարեկան բյուջեի կատարման ընթացքում այլ հարկային եկամուտների գծով մուտքագրվել է ավելի քան 10 մլն 700 հազ.դրամ, այսինքն աճը կազմել է 2.7 անգամ: Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 64.7 %-ը կազմել է պետական բյուջեից տրամադրվող դոտացիան: Ըստ որում, 2012թ. տարեկան բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 750 մլն, իսկ հատկացված փաստացի գումարը 681 մլն դրամ: Տարեկան բյուջեի կատարման ընթացքում այլ եկամուտներից մուտքագրվել է 57 մլն 882 հազ.դրամ:

Քաղաքային համայնքի 2012թ. տարեկան բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 1 մլրդ 52 մլն դրամի չափով, որը կազմում է պլանավորվածի 94.0 %-ը: Համայնքի ենթակայության կազմակերպությունների գծով ֆինանսավորվել է 706 մլն 158 հազ. դրամ, կամ նախատեսված գումարի 99.9 %-ը:

Իր խոսքում քաղաքապետ Ս.Գրիգորյանը հիմնական ցուցանիշի` սեփական եկամուտների գծով աճի ապահովումը դրական գնահատելով, միաժամանակ նշեց, թե այդ ձեռքբերումը չպետք է բավարար համարել ու անհրաժեշտ է մյուս մուտքերի մասով ևս առավել բարձր կատարողական ապահովել: Նրա համոզմամբ, տնտեսական նոր տարին բավականաչափ բարդ է լինելու և դժվար, ուստի քաղաքապետարանի բաժինների և ստորաբաժանումների պատասխանատուները պիտի աշխատեն ուժերի լարումով, համագործակցելով քաղաքապետարանի բոլոր կառույցների հետ` մուտքերի /հարկերի և տուրքերի/ մասով միանշանակ ապահովեն նախատեսվող գումարները:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2013թ. գլխավոր փաստաթղթին: Քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մ.Համբարձումյանի խոսքով, Ստեփանակերտ քաղաքի 2013թ. բյուջեի նախագծով եկամուտային մասը կազմելու է 1մլրդ 110մլն 135 հազ.դրամ: Ծախսերի ծավալը ծրագրավորվել է 1 մլրդ 120 մլն 782 հազար դրամի չափով: Գումարի ամբողջ ծավալի 98.9 %-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին:

Շինարարության բնագավառում ծախսերի նախագծում ծրագրավորվել են 100 մլն 647 հազ.դրամի չափով, որից  շենքերի և շինությունների կառուցման նպատակով կհատկացվի 80 մլն 647 հազ.դրամ, շենքերի ու շինությունների կապիտալ վերանորոգման նպատակով` 20 մլն դրամ: Շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում ծախսերը ծրագրավորվել են 447 մլն 870 հազ.դրամի չափով, որից <Սանմաքրում> ծրագրի համար` 325 մլն, իսկ <Կանաչապատում> ծրագրի համար` 122 մլն 870 հազ.դրամ: Կոմունալ ծառայությունների բնագավառի ծախսերը կկազմեն 273 մլն 331 հազ.դրամ, որից շենքերի և կառույցների ընթացիկ նորոգմանն ու պահպանմանն է ուղղվել 134 մլն 850 հազ.դրամ, արտաքին լուսավորմանը` 120 մլն, իսկ կոմունալ ծառայություններին` 18 մլն 481 հազ.դրամ: Մշակույթի բնագավառին ուղղված ծախսերը կկազմեն 78 մլն 322 հազ.դրամ: Կրթության բնագավառին կհատկացվի 212 մլն 598 հազ.դրամ:

2013 թվականի Ստեփանակերտ քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու մայրաքաղաքի բնակչության կենսապայմանների բարելավմանն ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, Ստեփանակերտ քաղաքի արտաքին ձևավորմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բնակարանաշինարարության խթանմանն ու քաղաքաշինական մյուս ծրագրերի իրականացմանը:

Քաղաքի զարգացման հիմնական ուղղություններն ապահովելու նպատակով 2013թ. առաջնահերթությունների թվում կլինեն սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների, ջրամատակարարման համակարգի բարելավման, մայրաքաղաքի նոր բնակելի թաղամասերի շինարարության, բազմաբնակարան շենքերի վերանորոգման և բնակարանային պայմանների բարելավման, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման և խաղահրապարակների շինարարության, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման ծրագրերի արդյունավետ իրականացման, կառավարման համակարգի բարեփոխումների և տեղական ինքնակառավարման արդյունավետության ապահովման, Ստեփանակերտ քաղաքում ուղևորատար տրանսպորտի զարգացման ծրագրերի իրականացման, ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումների խթանման քաղաքի ենթակառուցվածքների բարելավման ու տարածքային համաչափ զարգացման խնդիրները:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին հաստատեց համայնքի 2013թ. բյուջեն, եկամուտների գծով` 1 մլրդ 110 մլն 135 հազ.դրամի, ծախսերի գծով` 1 մլրդ 120 մլն 782 հազ.դրամի չափով / դեֆիցիտը կկազմի 10 մլն 647 հազ.դրամ, որի ֆինանսավորման աղբյուրը նախորդ տարվա բյուջեի ազատ մնացորդն է/:

Իր նկատառումները հայտնելով 2013թ. բյուջեի վերաբերյալ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդգծեց եկամուտների մասով ծրագրված գումարների հավաքագրման անվերապահ կատարման անհրաժեշտությունը: Նա հավելեց, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետության կողմից տրամադրվող դոտացիայի չափը կրճատվել է 53 միլիոնով, քայլեր պիտի ձեռնարկվեն հարկերի և տուրքերի մասով լրացուցիչ գումարներ ապահովելու համար, ինչը թույլ կտա լուծել մայրաքաղաքի կենսապահովման և առաջնահերթ նշանակության որոշ խնդիրներ, բարելավել համայնքի բնականոն կենսագործունեությունը: Քաղաքապետը աշխատակազմի կառույցների պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց սոցիալական ուղղվածության ծրագրերի հետևողական իրագործմանը միտված հարցերի վրա` տալով նրանց մի շարք հանձնարարականներ:

Նիստում որոշումներ կայացվեցին Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու ոչ բնակելի տարածքներ վարձակալության իրավունքով տրամադրելու, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող Գր.Լուսավորիչ փողոցի N 10/46 հասցեում տեղակայված պոմպակայանն ու ջրավազանը ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:

Վերջում ավագանու անդամների կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակչության կենսաապահովմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար