18.01.2013   ԵՎՍ ՄԻ ՀԱՃԵԼԻ ՆՎԵՐ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԸՆԹԵՐՑԱՍԵՐՆԵՐԻՆ

    Նոր տարվա անակնկալների շարքում` ևս մի գեղեցիկ երևույթ է արձանագրվել  մայրաքաղաքում: <Երիտասարդության պուրակի> տարածքում /Արցախի պետական համալսարանի հարևանությամբ/ ընթերցողների առաջ իր հյուրընկալ դռները բացեց Մուրացանի անվան քաղաքային գրադարանի վերանորոգված ու ճաշակով կահավորված նորաբաց մասնաճյուղը:

            Հաճե;ի նվերի առիթով մշակութային օջախի հանդիսավոր բացման արարողության ժամանակ, որին ներկա էին փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, քաղաքապետարանի մի շարք պատասխանատուներ, իրենց ելույթներում գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետի պաշտոնակատար Լաուրա Հակոբջանյանը և ուրիշներ, կարևորելով գրքի ու գրադարանի դերը` հոգևոր-մշակութային արժեքների զարգացման և լավագույն ավանդույթների պահպանման գործում, համոզմունք հայտնեցին,որ  այն իր շուրջը կհամախմբի քաղաքի գրասերներին, մտավորականությանը, և գրքի հետ կամրջման յուրահատուկ հավաքատեղի կհանդիսանա:

            Ելույթներում բնականաբար, շնորհակալական խոսքեր հնչեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հասցեին, ում որոշմամբ բարեկարգ, նորոգ շենքը տրամադրվել է գրադարանին, դրանով իսկ գրասեր հասարակությանը հնարավորություն ընձեռնելով` քաղաքի մի գողտրիկ անկյունում ևս ունենալ հանգստի և ժամանցի ուշագրավ օջախ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար