20.12.2012   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԹՎԵՐԸ

Տարին մոտենում է ավարտին: Եվ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի բաժիններում ու ենթակայության տակ գտնվող կառույցներում այս օրերին ևս հանրագումարվում են արդյունքները:

Ըստ քաղաքապետարանի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Վիգեն Բաղրամյանի, հաշվետու ժամանակաշրջանում քաղաքացիներից հաշվառման է վերցվել 1084 դիմում` նպաստ նշանակելու մասին և վճարվել է 790137800 դրամ: Գործազուրկների ընդհանուր թիվը կազմել է 533 հոգի, որից 35 անձինք աշխատանքի են տեղավորվել տարբեր հիմնարկներում: Ընդամենը վճարվել է 61817777 դրամի գործազրկության նպաստ:

Բաժնի ուշադրությունից դուրս չեն մնացել քաղաքացիների սոցիալական պաշտպանության հարցերը: Անցած ժամանակաշրջանում հաշվառման են վերցվել և խնայբանկում հաշիվներ բացվել բազմազավակ ընտանիքներում ծնված 3-րդ և հաջորդ 180 երեխաների համար: Համապատասխան ավանդային հաշիվներ է փոխանցվել 97200000 դրամ: Համաձայն ԼՂՀ կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի թիվ 15 որոշման, երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման համար հաշվառման է վերցվել 967 գործ, ընդ որում, ֆինանսավորման ընդհանուր գումարի չափը կազմել է 198400000 դրամ: Առաջնորդվելով  կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 724 որոշմամբ, գրանցվել է 300 գործ, ամուսնության միանվագ նպաստի համար վճարվել 198400000 դրամ:

Նշված ժամանակաընթացքում քաղաքացիներից ստացվել են 900 դիմում և նամակ, որոնց տրվել է համապատասխան լուծում:

Հիշարժան օրերի կապակցությամբ ԼՂՀ բնակչության առանձին խմբերին վճարվել է 41228000 դրամ միանվագ գումար: ԼՂՀ կառավարության 16.03.2004թ. թիվ 58 որոշման համաձայն, սոցիալական քարտ է հատկացվել 2055 անձանց: Առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր են տրամադրվել 225 քաղաքացիների:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար