Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.42  դրամ
EUR   553.38  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
20.12.2018   ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

ՎԱՌՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

 

Դեկտեմբերի 19-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում վառելով հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը` այսպիսով տրվեց Ամանորի տոնական միջոցառումների մեկնարկը:

Մարդաշատ հրապարակում գունազարդ, շքեղ տոնածառի շուրջ հավաքվել էին ոչ միայն <<Ձմեռային հեքիաթի>> հայտնի հերոսները, այլև երեխաները, որոնց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորեցին  Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Այնուհետև ամանորյա ուրախ  հանդեսն /ներկայացումը/ ուղեկցվեց  Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվի պատրաստած տոնական համերգով, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև ՊԲ <<Ասպետ>> համույթը, մայրաքաղաքի երաժշտական կրթօջախների և մանկապատանեկան կենտրոնի սաները:

Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինները ջանք չէին խնայել, որպեսզի մայրաքաղաքում տոնական աշխույժ մթնոլորտ ստեղծվի  ու մարդիկ կարողանան արժանապատվորեն ու անկաշկանդ վայելել Ամանորը:  Քաղաքի բոլոր հրապարակներում, փողոցներում, զբոսայգիներում  և պուրակներում պատշաճ լուսավորություն է ապահովվել: Լուսային շղթաներով և գեղարվեստական այլ հնարքներով ձևավորվել է մայրաքաղաքը, տարբեր թաղամասերում ևս տեղադրվել են գունեղ տոնածառեր:

Կազմակերպիչները վստահեցնում են, որ Նոր տարվան նվիրված միջոցառումներն ավելի հագեցած կլինեն և հյուրերին հաճելի անակնկալներ են սպասվում:

Հանրապետության գլխավոր տոնածառի լուսավորման և Ամանորի տոնական միջոցառումների մեկնարկման միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն