06.12.2018   ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018թ.ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԳՐԵԹԵ ԱՆՓՈՓՈԽ ՄՆԱՑԻՆ

     Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ դեկտեմբերի 6-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու` 2018թ. վերջին նիստը: Օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր:

      Ավագանին լսելով  քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային  բաժնի պետ Մարատ Համբարձումյանի` Ստեփանակերտի քաղաքային համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների վերաբերյալ դիտարկումներն ու հիմնավորումները, սահմանեց 2019թ. տեղական տուրքերի վճարների, համայնքի կողմից մատուցվող  ծառայությունների դիմաց գանձվող վճարների  դրույքաչափերը և համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարները:

      Ինչպես ամրագրված է որոշման մեջ, գրեթե անփոփոխ են մնացել մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների և տեղական տուրքերի  դրույքաչափերը, բացի աղբահանության վճարի դրույքաչափից, ինչը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից` ընդունված օրենքում նախատեսված փոփոխություններով:

      Նիստում որոշում է կայացվել քաղաքային համայնքի 2018թ. հունվարի 19-ի ավագանու որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: Քաղաքային համայնքի մեկ այլ որոշմամբ,Ստեփանակերտի քաղաքային համայնքի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ գումար կհատկացվի ավագանու անդամներին` 2018թ. 4-րդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով:

      Ավագանին իր համաձայնությունը տվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու, նվիրատվության կարգով` տուն և բնակարաններ օտարելու վերաբերյալ:

      Հաշվի առնելով ստուգումների արդյունքում` ԱՀ Հաշվիչ պալատի կողմից արված առաջարկությունը, քաղաքային համայնքի ավագանին որոշեց բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով, 68մլն 985 հազար դրամի չափով նվազեցնել <<Ջերմային տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` այն սահմանելով 170մլն 153 հազար դրամ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն